211652_close_icon
views-count31391 դիտում article-date 10:05 18-10-2023

Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Սարդարապատ գյուղում. բախվել են Toyota Prado-ն, ГАЗ 31029-ը ու ВАЗ 2106-ը. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 14-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Սարդարապատ գյուղում՝ «Էլիտ շին» խանութի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Գոռ Մ.-ի վարած ГАЗ 31029 մակնիշի, 55-ամյա Մելսիկ Ս.-ի վարած Toyota Prado մակնիշի և 60-ամյա Հովհաննես Հ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Հովաննես Հ.-ն, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել ճամփեզրով քայլող, Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Անժելա Ս.-ին: 

Վթար-վրաերթի հետևանքով Հովհաննես Հ.-ն և Անժելա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ Անժելա Ս.-ն, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:

Վթար-վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր