211652_close_icon
views-count42104 դիտում article-date 12:07 19-10-2023

Ապարանում թալանել են մարզում հայտնի շինարարական աշխատանքներով զբաղվող անհատ ձեռներեցի տունը. հափշտակել են 40 մլն դրամ և խոշոր չափի ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի 29-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Աշոտ Ս.-ից, ով հայտնում է, որ Ապարան քաղաքի Ա. Հարությունյան 1 տանից անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի գողություն են կատարել:

Նշված հասցե են ժամանում Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սուքիասյանը:

Ժամանում են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվում է, որ ժամը 12:30-ից միչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ապարան քաղաքի Ա. Հարությունյան 1 տան պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս, բարձրացել երկրորդ հարկ և այնտեղ գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանի բանալին գտնելով տան մեջ, բացել ու այնտեղից գողացել են խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վաչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն մինչև այժմ հանցագործությունը բացահայտված չէ: 

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ բնակարանը, որտեղից հափշտակել են 40 մլն դրամ գումար և խոշոր չափի ոսկյա զարդեր, պատկանում է Սամվել Ս.-ին, ով Արագածոտնի մարզում հայտնի անհատ ձեռներեց է և զբաղվում է շինարարական աշխատանքներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր