211652_close_icon
views-count47785 դիտում article-date 21:54 19-10-2023

Լոռու մարզի Մեծավանի միջնակարգ դպրոցում դանակով զինված պահակը սպառնում էր սպանել տնօրենին, գրադարանավարուհուն և պահակին. ոստիկանության օպերլիազորը, վտանգելով իր կյանքը, փրկել է նրանց. բժիշկները պայքարում են օպերլիազորի կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծավան գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների գլխավորությամբ:

Արդեն տեղում ոստիկանները նկատել են, որ նույն դպրոցի 65-ամյա պահակ Անդրանիկ Ս.-ն ձեռքին ունենալով դանակ ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում հավաքվածների նկատմամբ:

Ոստիկանները մոտենում են նրան խնդրում և հորդորում  որպեսզի դադարեցնի նման վարքագիծ ցուցաբերել և վայր դնի դանակը, բայց դա օգուտ չի տալիս և Անդրանիկ Ս.-ն շարունակում է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և շարունակ հայհոյանքներ հնչեցնելով նորից ցուցաբերում է ագրեսիվ վարքագիծ և ձեռքին եղած դանակը թափահարելով սպառնում է, որ բոլորին կսպանի:

Ոստիկանները տեսնելով որ այլևս հնարավոր չէ կանխել նրա ագրեսիվ վարքագիծը ձեռնամարտի հնարքներ են կիրառում և փորձում են նրա ձեռքից խլել դանակը, սակայն Անդրանիկ Ս.-ն դանակով հարվածում է քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վալերի Գ.-ի որովայնին, ապա դեպքի վայրից դիմում է փախուստի:

Մի քանի ոստիկաններ շարունակում են հետապնդել նրան, իսկ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, ապա տեղափոխում հիվանդանոց:

Ի վերջո ոստիկանները հետապնդում են Անդրանիկ Ս.-ին, կարողանում են վնասազերծել և ձեռքից վերցնել հանցագործության գործք դանակը ապա նրան տեղափոխում են ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ դեպքի փաստով ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ «պաշտոնատար անձի ծառայողական գործունեությունը միջամտելը և մարմնական վնասվածք պատճառելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով օպերլիազորի գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել 2 քաղաքացու, որոնք Անդրանիկ Ս.-ի թիրախում են եղել: Այս տեղեկությունը քննչական բաժնում պարզվում է:
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ օրը Անդրանիկ Ս.-ն դանակը ձեռքին հենց դեպքի վայրում սպանության սպառնալիքներ է հնչեցրել դպրոցի ներսում գտնվող տնօրեն 39-ամյա Փիրուզա Հ.-ի, դպրոցի գրադարանավարուհի 61-ամյա Արևիկ Ս.-ի և դպրոցի մեկ այլ պահակ 63-ամյա Ժիրայր Դ.-ի հասցեին ու հենց նշված անձինք են, որ օպերլիազորի շնորհիվ փրկվել են:

 Օպերլիազորը, վտանգելով իր կյանքը, փորձել է վնասազերծել Անդրանիկ Ս.-ին և դանակի հարված է ստացել որովայնի մասում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր