211652_close_icon
views-count982 դիտում article-date 17:26 23-10-2023

ՄԻՊ-ը Բելգիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։

Պաշտպանը Դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման շրջանակներում ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։

Պաշտպանը նաև անդրադարձ է կատարել հաստատության գործունեության առաջնահերթություններին։ Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության ապահովման շուրջ աշխատանքները շարունակելու հաստատակամությունը:

Իր հերթին Էրիկ Դը Մույնքին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում և վստահություն հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստան-Բելգիա փոխգործակցությունը կշարունակի մնալ բարձր մակարդակի վրա։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր