211652_close_icon
views-count1150 դիտում article-date 23:16 24-10-2023

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: «Մենք մեծապես կարեւորում ենք մեր երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը եւ ընդգծում երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման եւ ամրապնդման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի ձեռքբերումը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով:

Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսվել Ադրբեջանի հարձակման հետեւանքով էթնիկ զտման ենթարկված եւ Արցախից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների եւ նրանց պատշաճ աջակցության ցուցաբերման մասին:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր:

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր