211652_close_icon
views-count1306 դիտում article-date 21:38 14-11-2023

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է Սիրիայի հայկական համայնքի յուրահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:

«Մեր մշտական մտահոգությունն է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում՝ հայերի եւ ազգային մյուս փոքրամասնությունների թիրախային վիճակը: Այս առումով ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Սիրիայի իշխանություններին՝ հայկական համայնքի, մեր մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար»,- կարեւորել է ԱԺ փոխխոսնակը:
Անդրադառնալով միջազգային հարթակներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պահպանում է իր դիրքորոշումը Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված որոշումների եւ բանաձեւերի օգտին քվեարկելու միջոցով, ինչպիսիք են՝ «Միջուկային զենքից ազատ գոտու ստեղծումը. Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը», «Միջուկային զենքի տարածման ռիսկը Մերձավոր Արեւելքում»:

Հակոբ Արշակյանը գնահատել է Սիրիայի աջակցությունն այն կազմակերպություններում, որոնց Հայաստանն անդամ չէ եւ որոնց շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում հակահայկական գործունեություն ծավալելու համար՝ միջազգային հանրությանը մոլորեցնող կեղծ հռետորաբանություն՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ բացասական պատկերացում տալու համար:
Անդրադարձ է կատարվել Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողություններին:

Սիրիայի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարն իր հերթին աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ անընդունելի է համարել ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ որեւէ խախտում:

Նախարարն աջակցություն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, ենթակառուցվածքների ապաշրջափակման հայկական նախաձեռնությանը՝ խստորեն մերժելով արտատարածքային միջանցքի որեւէ գաղափար, որը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ֆեյսալ Ալ-Միկդադը նշել է, որ Սիրիան պատրաստակամ է պահել Հայաստանի Հանրապետության շահերն այն միջազգային կազմակերպություններում, որոնց Հայաստանը չի անդամակցում:

Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր