211652_close_icon
views-count2182 դիտում article-date 19:03 29-10-2019

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Քաթարում մասնակցում է «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին և «QITCOM 2019» էքսպո ցուցահանդեսին

Քաթարի տրանսպորտի և կապի նախարարի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում մասնակցում են «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին։ Մերձավոր Արևելքի կարևորագույն այս միջոցառմանը մասնակցում են 21 երկրների նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քաթարի էմիր Ն.Գ. Շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանիի բարձր հովանավորութամբ, Քաթարի տրանսպորտի և կապի նախարարության ու համաշխարհային ճանաչում ունեցող «Fira Barcelona» կազմակերպության նախաձեռնությամբ համաժողովի շրջանակներում բացվել է նաև «QITCOM 2019» Մերձավոր Արևելքի ամենամեծ էքսպո ցուցահանդեսը, որտեղ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ «QITCOM 2019»-ին տեխնոլոգիական ոլորտում ամենամեծ արդյունքներ գրանցած 10-ից ավելի ստարտափներ «Հայաստան» միասնական տաղավարով 4 օր շարունակ կներկայացնեն իրենց պրոդուկտները, հայկական տեխնոլոգիական լուծումները, նվաճումներն ու ձեռքբերումները։ Նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա են եղել նաև Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մի շարք երկրների արտաքին գործերի, տեղեկատվության, հաղորդակցության և տեխնոլոգիաների ոլորտների ղեկավարներ, հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի տնօրենների խորհրդի ղեկավարներ։ Հանդիսավոր պայմաններում բացվել է նաև հայկական տաղավարը, որտեղ նախարարը hյուրընկալել է Նորին գերազանցություններ Քաթարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊ Թանիին և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին։ Հակոբ Արշակյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրել է հայկական տաղավարը և նվիրել հայկական արտադրության «Volterman» խելացի դրամապանակներ, որից հետո շրջել է ցուցահանդես տաղավարներով։ Համաժողովի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է նաև Մյունխենյան անվտանգության համաժողովին (MSC) և Կիբերանվտանգության թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որտեղ քննարկվել են ազգային և միջազգային մակարդակներում կիբեր տարածքի կառավարման ու անվտանգության բարձրացմանը, համացանցային կառավարման հեռանկարներին և այլ թեմաներին առնչվող հարցեր: [b]ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր