211652_close_icon
views-count847 դիտում article-date 12:25 27-10-2023

«Ադրբեջանի տարածքում» մշակութային ժառանգությունը ներկայացնում է «ադրբեջանցի ժողովրդի մշակութային բազմազանությունը»՝ անկախ դրա ծագումից. Բաքուն պատասխանել է Ֆրանսիայի մշակույթի նախարարին

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է տեղական լրատվամիջոցների հարցին՝ կապված Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարության հետ։

Հիշեցնենք, որ Մալակն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր: Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար:

Հաջիզադեն ֆրանսիացի նախարարին մեղադրել է «կողմնակալության» համար:

«Ադրբեջանը քաջ գիտակցում է «իր տարածքում» գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և, մասնավորապես, իր պարտավորությունները այս համատեքստում։ Ֆրանսիան, որպես այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային արժեքները օտարած երկիր, բարոյական իրավունք չունի նման հարցեր բարձրացնելու։ Պնդումները, որ մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ են գտնվում Ադրբեջանի «հակաահաբեկչական» միջոցառումներից հետո, «անհիմն են», ինչը հաստատվել է տարածաշրջանում ՄԱԿ-ի երկու առաքելությունների կողմից», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) գտնվող մշակութային ժառանգությունը ներկայացնում է «ադրբեջանցի ժողովրդի մշակութային բազմազանությունը», որը Ադրբեջանը գնահատում և պաշտպանում է անկախ դրա ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։շ

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին չմիջամտել «Ադրբեջանի ներքին գործերին» և վերջ դնել նման «սադրիչ» հայտարարություններին»,- ասել է Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարը Երևանում նաև ասել էր, որ Ֆրանսիայի մշակույթի նախարարը տեղեկացրել է՝ պատվիրակության կազմում են նաև հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի՝ ALIPH-ի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերով: Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ նույնականացնել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազան:

Նմանատիպ նյութեր