211652_close_icon
views-count1363 դիտում article-date 21:33 28-10-2023

Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք, ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում․ ԱՀ նախագահ

Սեպտեմբերի 19-ին ես առավոտյան գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ: Առաջին ազդակը, որ հնարավոր է` սկսվեն ռազմական գործողություններ, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող տանկի արձանի մոտ, որտեղ կան ռուսական և ադրբեջանական հենակետեր, ադրբեջանցիները մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին: Այդ փաստը մենք ներկայացրել ենք խաղաղապահներին, իրենք էլ էին տեղյակ: Ինձ համար արդեն պարզ էր, որ որոշ ժամանակ անց հնարավոր է` սկսվեն ռազմական գործողություններ: Ես վերադարձել եմ իմ աշխատավայր և բառացիորեն կես ժամ անց ամբողջ Արցախը հրետակոծության տակ էր։ Այս մասին այսօր Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ նկարագրելով սեպտեմբերի 19-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները։

Շահրամանյանը նշեց, որ ռազմական գործողությունը սկսելուց հետո՝ ժամեր անց, հասկացել է, որ մենակ են ադրբեջանական այդ ագրեսիայի դեմ․ «Ռուսական կողմը գտնվում էր, կարելի է ասել, դիտորդի կարգավիճակում, մենք մեր հարցերը պետք է ինքնուրույն ունակ լինեինք կարգավորել։

Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների ու նաև մեր բնակչության հետ միասին սկսվել են ռազմական գործողություններին պատասխան գործողությունները։ Հենց այդ գործողությունների շնորհիվ է, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցություններ, որոնք տևել են շուրջ 12 ժամ։

Մեզ համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերն անհամեմատելի էին։ Որքան երկար շարունակեինք, այնքան ավելի շատ զոհեր ու կորուստներ կունենայինք, և իմ նպատակը, որպես Արցախի նախագահ, կայանում էր նրանում, որ մենք հնարավորինս արագ կանգնեցնենք ռազմական գործողություններն ու խուսափեինք ավելի շատ զոհերից»,- ասել է Սամվել Շահրամանյանը։

Նմանատիպ նյութեր