211652_close_icon
views-count37738 դիտում article-date 09:14 14-11-2023

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում. հարազատ եղբայրները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, բիտա և վնասված ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Հովսեփյան փողոցում վիճաբանություն է տեղի ունենում և կան վիրավորներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեի մոտ:

Տեղում պարեկներ Արթուր Հակոբյանն ու Տիգրան Մանուկյանը սահմանազատել են տարածքը, դեպքի վայրում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, բիտա, վնասված ավտոմեքենաներ: 

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Որովայնի ձախ հատվածի կտրած-ծակած վերքեր և գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի: Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 57-ամյա Կարեն Ա.-ն է, իսկ ժամը 01:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնում են, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 54-ամյա Վահագն Ա.-ն է: Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ե. Նիկոյանի, և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Դավիթ Ս.-ն և 20-ամյա Աշոտ Ա.-ն: 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման շուրջ ծագած վիճաբանությունը, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, իսկ Կարեն և Վահագն Ա.-երը հարազատ եղբայրներ են: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալներ Դավիթ Ս.-ին, Աշոտ Ա.-ին և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր