211652_close_icon
views-count922 դիտում article-date 14:53 17-11-2023

«Եթե պետությունը չունի ազգային նկարագիր, այդ պետության իմաստը չկա». Էդուարդ Շարմազանովը՝ Հայաստանի երեք հնարավորությունների մասին

«Նախ պետք է արձանագրենք մի շատ հստակ եւ պարզ փաստ՝ ՀՀ երրորդ հանրապետությունը, դասական իմաստով, այլեւս գոյություն չունի»,- Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով «ազգային պետությո՞ւն, թե՞ նիկոլական վիլայեթացում» թեմայի շուրջ, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ՀՀ երրորդ հանրապետության հիմքը Անկախության հռչակագիրն է եւ արցախյան գոյամարտը, իսկ «Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ ռեժիմը հորով-մորով է արել եւ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում՝ դեռ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, այնուհետեւ Ռեյկյավիկում, Բրյուսելում, Մոսկվայում, Երեւանում՝ ամեն օր, եւ դրանով հպարտանում է»: Նաեւ՝ Արցախը հայաթափված է ու «Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը հայոց պատմության մեջ միակ իշխանությունն է, որին հաջողվեց ամբողջությամբ հայաթափել հայկական 10-րդ նահանգ Արցախը»:

Պատմաբան-քաղաքական գործիչը հիշեցնում է, որ Արցախում հայերը բնիկներ են, այնտեղ բնակվել են դեռ Հայկ Նահապետի ժամանակաշրջանից եւ չի եղել որեւէ պատմական շրջան, երբ Արցախի հայկական բնակչությունը չլինի մեծամասնություն: Ի՞նչ է սպառնում մեզ եւ ի՞նչ ճանապարհներ ունենք՝ հարցերին Էդուարդ Շարմազանովի պատասխանն է. «Ելքեր միշտ կան, եթե դու չես հանձնվում, եթե ռեալ ես գնահատում իրավիճակը, ունես հստակ նպատակներ, գործիքակազմ եւ հավատ՝ այդ նպատակներին հասնելու համար:

Ըստ իս, Հայաստանը երեք ճանապարհ ունի. ամենացանկալին՝ ազգային պետականության վերականգնումն է: Երկրորդն ու երրորդը ոչ միայն անցանկալի են, այլ ամենաողբերգականն են: Երկրորդը՝ Ուկրարմենիա դառնալն է, որովհետեւ Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագիրը՝ հակառուսական ֆորպոստ դառնալ, ՌԴ-ի հետ նոր թշնամություն, որը բերելու է նոր պատերազմական գործողությունների՝ Ուկրաինայի օրինակով՝ զոհեր, նոր տարածքային կորուստներ»: Բանախոսի գնահատմամբ, պատմությունը ցույց է տվել մեկ բան, որ հետխորհրդային տարածքում այն պետությունները, որոնք դառնում են խաղալիք՝ ՆԱՏՕ-ական ամբիցիաների ձեռքին, ունենում են խիստ մշուշոտ ապագա եւ տարածքային կորուստներ: Դրա օրինակներից մեկն էլ Վրաստանն է: «Երրորդ ճանապարհը, որը էլի ողբերգական է, դա Հայաստանի վիլայեթացումն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ դրա ուրվագծումը հստակ երեւում է ու Նիկոլ Փաշինյանը, որը 44-օրյա պատերազմից հետո հայտարարում էր, թե Թուրքիան եկել է տարածաշրջան, որպեսզի ավարտին հասցնի հայոց ցեղասպանությունը, այժմ խոսում է Թուրքիայի հետ լավ հարաբերությունների հնարավորությունների մասին, անգամ քննարկումներ կան ՀՀ զինանշանից Արարատ լեռը հանելու մասին:

Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, սակայն, եթե պետությունը չունի ազգային նկարագիր, այդ պետության իմաստը չկա:

Նմանատիպ նյութեր