211652_close_icon
views-count58850 դիտում article-date 13:06 19-11-2023

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են 07-ն ու Volkswagen-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, 3 վիրավորներին առաջինը օգնության են հասել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները․ օպերատիվ են գործել բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 11․00-ի սահմաններում Աշոցքի տարածաշրջանի Զույգաղբյուր գյուղի մոտակայքում բախվել են Volkswagen և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Volkswagen-ը հայտնվել է դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել, որոնցից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։

Վիրավորներից մեկին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Արտյոմ Սիմոնյանն ու Ռուստամ Հարությունյանը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Արիստակես Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Ավոյանը, պարեկներ Արտյոմ Սիմոնյանը, Ռուստամ Հարությունյանը և կրտսեր պարեկ Ռաֆայել Սիմոնյանը։

Վթարի մասին Ոստիկանության Աշոցքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։


Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+

Նմանատիպ նյութեր