211652_close_icon
views-count1216 դիտում article-date 19:00 22-11-2023

Վարչապետն ընդունել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական զարգացման համագործակցության բանակցությունների վերսկսման առիթով, ինչը 2014 թվականից ի վեր տեղի չի ունեցել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ընդգրկելը: Վարչապետի խոսքով` վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրվել է նոր դինամիկա, առկա է համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է այն լիարժեք իրացնելու հարցում:

Նիլս Անենը նշել է, որ հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների վերսկսումը Գերմանիայի կառավարության գիտակցված որոշումն է` հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերն ու բարեփոխումները: Պարոն Անենը հավելել է, որ «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակում նախատեսվում է Հայաստանի հետ ծրագրեր իրականացնել տնտեսության խթանման, էներգետիկայի, մասնագիտական կրթության, զբոսաշրջության և այլ ուղղություններով: Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղարի համոզմամբ` վերոնշյալ ծրագրերը կնպաստեն գերմանական ընկերությունների` ՀՀ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրվածության մեծացմանը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Նիլս Անենը նշել է, որ Արարատի մարզում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ և հավելել, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը նպաստելու համար:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Նմանատիպ նյութեր