211652_close_icon
views-count994 դիտում article-date 21:13 28-11-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հայորդյաց տների մրցանակակիր սաներին

Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հանրապետական ու միջազգային տարբեր փառատոններում, մրցույթներում, ցուցահանդեսներում և մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած շուրջ 280 սաների:

Հայորդյաց տների ծրագիրը մեկնարկել է 1993 թվականին նախաձեռնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի և աջակցությամբ ՀԲԸՄ նախագահ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի։

Արտադպրոցական կրթության այս կենտրոններում տարբեր տարիքի երեխաները հնարավորություն են ստանում մասնակցելու արվեստների ու արհեստների, սպորտաձևերի և այլ մասնագիտական խմբակներին` ստանալով հիմնավոր կրթություն: Մասնավոր ուշադրություն է դարձվում սաների հոգևոր դաստիարակությանը և ազգային նկարագրի կերտմանը:

Հաջողություններ արձանագրած աշակերտները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել ստանալու Նորին Սրբության օրհնությունը։
Հանդիպումը սկսվել է Հայորդյաց տների տնօրենի պաշտոնակատար տիկին Լիաննա Առաքելյանի ողջույնի խոսքով: Վերջինս Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Հայորդյաց տների արձանագրած հաջողությունները` մասնավորապես անդրադառնալով տարբեր ոլորտներում սաների նվաճումներին: Տիկին Առաքելյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայորդյաց տների նկատմամբ դրսևորվող հայրական խնամքի ու հոգածության համար և ընդգծել, որ կրթական այդ կենտրոնները՝ հաղթահարելով տարբեր դժվարություններ շարունակում են պատվով իրականացնել իրենց առաքելությունը հայրենական կյանքում։

Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը և շնորհավորանքներն է փոխանցել Հայորդյաց տների սաներին, մանկավարժներին ու տնօրեններին 2023 թվականի ընթացքում արձանագրված ձեռքբերումների և հաղթանակների առիթով:

Նորին Սրբությունը, անդրադառնալով Հայորդյաց տների կարևոր առաքելությանը, հաստատել է, որ Հայորդյաց տներում ոչ միայն բացահայտվում ու զորանում են հայորդիների տաղանդներն ու շնորհները, այլ նաև կերտվում է նրանց նկարագիրը՝ խարսխված ազգային և հոգևոր արժեքների վրա։

«Մեր ցանկությունն է, որ մեր զավակները մեծանան Աստծու խնամքի և սիրո ներքո, հաղորդ դառնան Տիրոջ պատվիրաններին ու պատգամներին, ապրեն այդ պատվիրանների համաձայն՝ դրանք կենսագործելով իրենց կյանքում, որպեսզի մեր ժողովրդի զավակների կյանքը լինի երջանիկ և օրհնյալ, ազգը՝ հզոր, կարող և միշտ առաջադեմ, ժամանակի ոգուն ու ընթացքներին համարժեք քայլող»,- ասել է Հայոց Հովվապետը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Հայորդյաց տները 30 տարի շարունակ իրագործում են այդ սրբազան առաքելությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով վերհիշել է Հայորդյաց տների հիմնադրման ակունքներում կանգնած ՀԲԸՄ նախագահ լուսահոգի տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին, ում հովանավորությամբ կյանքի կոչվեց ծրագիրը:

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքն է հայտնել Հայորդյաց տների տնօրենի պաշտոնակատար տիկին Լիաննա Առաքելյանին, տնօրեն կազմին, մանկավարժներին նախանձախնդիր և ժրաջան աշխատանքի համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Աստծո օրհնության ներքո սաները հասակ առնեն, զորանան և իրենց ներդրումը բերեն բարօր ու հզոր Հայրենիքի կերտման գործում։

Նմանատիպ նյութեր