211652_close_icon
views-count27921 դիտում article-date 23:26 04-12-2023

Կոտայքի մարզում Range Rover-ի և Volkswagen Vento-ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված  4 վիրավորներից մեկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 29-ին Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Range Rover-ը վարել է Երևանի բնակիչ 34-ամյա Սահականուշ Ո.-ն, իսկ Volkswagen Vento-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արկադի Ե.ն:
Վթարի հետևանքով Սահականուշ Ո.-ն, Range Rover-ի ուղևոր, Երևանի բնակիչ 35-ամյա Պարգև Ե.-ն և Volkswagen Vento-ի վարորդ Արկադի Ե.-ն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արմեն Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մի մասն էլ՝ «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Դեկտեմբերի 2-ին, Volkswagen Vento-ի վարորդը, գիտակցության չգալով, մահացել է: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել էին Range Rover և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենաներից և պատգարակներով մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի և Բյուրեղավանի բժշկական ամբուլատորիայի շտապօգնության ավտոմեքենաներին: Բժիշկները վիրավորներին  նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել, ապա 2-ին տեղափոխել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 2-ին, ովքեր գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել էին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներր Կարեն Սարգիսյանն ու Սերգեյ Հայրապետյանը, իսկ վիրավորներից  մեկին պարեկային ծառայության ավտոմեքենայի մեջ տեղադրված դեղատուփի մեջ առկա բժշկական պարագաներով բուժօգնություն էր ցուցաբերել նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանը: Պարեկների այդքան շատ ժամանման պատճառը նրանում էր, որ վթարից հետո առաջացել էր մոտ 2.5-3 կմ խցանում, սակայն շնորհիվ պարեկների օպերատիվ և ճիշտ գործողությունների, ճանապարհը հաշված րոպեների ընթացքում բացվել էր և դարձել երթևեկելի:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ: Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Գ. Դալլաքյանի որոշմամբ՝ ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր