211652_close_icon
views-count1603 դիտում article-date 10:15 05-12-2023

Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկած Արմեն Հարությունյանի հիշատակին

Օրերս Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկած Արմեն Հարությունյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, հերոսի ծնողներն ու հարազատները, ԵԿՄ անդամներ, մանկավարժներ ու համադասարանցիներ։

Դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ կազմակերպված հուշ-ցերեկույթին հաջորդեց դասարանի անվանակոչման արարողությունը. դասարաններից մեկը անվանակոչվեց դպրոցի սան Արմեն Հարությունյանի անունով, որով է՛լ ավելի հարստացավ դպրոցի պատմությունը:

Իր ելույթում Արցախյան երեք պատերազմների մասնակից և հրամանատար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը ներկաներին կոչ արեց, որ Արմենի և բոլոր նահատակված քաջերի անունները հպարտորեն արտասանել, որովհետև նրանցից յուրաքանչյուրը կերտել է մի հերոսապատում, որով ապրողները պետք է ոգեշնչվեն և կյանքը շարունակելով՝ արարելու կենսատու ուժ ստանան։

- Անմեռ է մեր հերոսների ոգին, նրանք կենդանի են և ամեն պահ մեզ հիշեցնելու են անկախ հայրենիքում՝ ապրելու, հայրենիքը սիրելու, կրծքով պաշտպանելու պատգամը։

Գլուխ ենք խոնարհում մեր նահատակների հիշատակի առաջ, հավերժ փառք մեր հերոսներին:

Դպրոցականներն իրենց ելույթներում ներկայացրեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ժողովրդական երգ ու պարեր, իրենց սրտաբուխ կատարումներով ներկաներին վստահեցրեցին, որ իրենք թեև փոքր են, բայց գիտակցում են, որ իրենց ավագ եղբայրների ու պապերի ժառանգած հայրենիքի տերն են ու պաշտպանը։

Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի սաներն այսուհետ հայրենասիրության կենդանի դասեր կսերտեն՝ ոգեշնչվելով դպրոցի սան, քաաջարի մարտիկ Արմեն Արշակի Հարությունյանի հերոսական կերպարով։

Արմեն Արշակի Հարությունյանը ծնվել է 28.11.2001 թվականին, զոհվել է 2020թ.սեպտեմբերի 28-ին՝ Թալիշի պաշտպանական մարտերում: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր