211652_close_icon
views-count4442 դիտում article-date 23:40 09-07-2021

Եղբայրս հիմա դրախտում է. պատերազմում հերոսի մահով ընկած Կարապետի հիշատակին այսօր ցայտաղբյուր բացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

armtimes.com-ը գրում է. «Տղաս երազում էր շատ բարձունքների հասնել, բայց չէի պատկերացնում, որ այսպիսի բարձունքների կհասնի»,- 21-ամյա Կարապետ Անտոնյանի մայրը՝ Գոհար Անտոնյանն է պատմում որդու մասին: Կանգնել է որդու սիրելի վայրում ու չի կարողանում արցունքները զսպել. Կարոյի ծնունդն է, որդին կդառնար 21 տարեկան:

«Ծնունդը շատ էր սիրում, այդ պատճառով մեզ համար այսօր շատ դժվար է: Ինքն անհամբեր սպասում էր իր 21 տարեկանը լրանալուն, որ մեծ շուքով նշեր, բայց էլի նշվեց՝ ինքը ջուր պարգևեց բոլորին, որ խմեն ու իրեն հիշեն: Կարոն այստեղ է ծնվել, սա իր սիրելի վայրն է: Ես որպես մայր արդեն գիտեի ու չէի կասկածում, որ Կարոս կռվում է, բայց որդու կորուստը մեծ ցավ է»,- մեզ հետ զրույցում պատմում է մայրը:
 

Արմատներով գյումրեցի Կարոն ծնվել է 2000 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ծառայության է անցել 2019 թվականին Արցախի Հանրապետության Ջաբրայիլ գյուղում: Մեկ տարի ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը, երեք ամսից պետք է զորացրվեր և հունվարի 17-ին տուն վերադառնար: Հիմա  իր մանկության հասցեում բոլորը հավաքվել են, ու իրեն են սպասում, բայց ինքը չկա, երկնքից է նայում: Նրա հիշատակը հավերժացնելու համար ծնողները  ցայտաղբյուր են տեղադրել, մայրն ասում է՝ որդին ջրի պես զուլալ էր:

Ցայտաղբյուրի մոտ կանգնել են Կարոյի երկու եղբայրները, ինքն ընտանիքի առաջնեկն էր, իրենից բացի ունի ևս երկու եղբայր, մեկը՝ 18, մյուսն 8 տարեկան: Եղբայրները աղավնի են բաց թողնում՝ փոքրը եղբայրը՝ Արտյոմն ասում է՝ գնում է եղբորս մոտ՝ դրախտ: Կարոյին ամեն վայրկյան է հիշում. «Որ ծառայությունից արձակուրդ էր եկել 10 օրով միասին գնացինք Երևան մոլ, ինձ խաղացրեց, խաղաղարահ էինք գնացել, ինձ շատ էր սիրում: Մեկ էլ հիշում եմ, որ միջնեկ ախպորս իրար հետ ծեծում էինք, հավես էր»,- մեզ հետ զրույցում պատմում է Արտյոմը:

Մանրամասներն՝ այստեղ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր