211652_close_icon
views-count56960 դիտում article-date 20:00 07-12-2023

Արտաշատում Ford Mustang-ի վարորդը հարձակվել է պարեկների վրա ու հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք. դեպքի վայրում «Ձենով Օհանի» նման առյուծ էր կտրել, ոստիկանությունում դարձել էր «Ցռան Վերգո». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունն իր գործունեությունը սկսեց Արարատի մարզում, շատերը թերահավատ էին, թե միևնույն է պարեկները տեղական «սուտի խարոշիներին» ոչինչ չեն անի և նրանք իրենց կզգան ինչպես ձուկը ջրում։

Սակայն օրերի ընթացքում ՊԾ Արարատի մարզի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ, ապացուցեցին, որ մարզում օրենքի առջև բոլորը հավասար են ու մարզում պարեկների գործունեության ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել բազմաթիվ օրինախախտներ, այդ թվում՝ մարզում հայտնի պաշտոնյաներ ու նրանց մերձավորներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 5-ին ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ տեղի ունեցած խցանումը բացելու նպատակով անցել են ուժեղացված ծառայության, երբ այդ ժամանակ նրանց է մոտեցել Ford Mustang մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը իրեն դնելով Սասնա էպոսի «Ձենով Օհանի» տեղը, սկսել է բղավել պարեկների վրա, նրանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա ավտոմեքենան վարել է ու վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար։

Պարեկները նրան հորդորել են, որպեսզի դադարեցնի լկտի պահվածքը, քանի որ իր քայլը վիրավորանք է պարունակում ոչ միայն ծառայություն կատարող պարեկների, այլ նաև հասարակության նկատմամբ, սակայն նա շարունակել է իր «էշը քշել» ու մեքենան վարել է դեպի «Պլազա» առևտրի կենտրոնի մոտ, որտեղ էլ պարեկային ծառայության ավագ տեսուչ Գևորգ Սահակյանն ու պարեկ Նվեր Հարությունյանը կանգնեցրել են նրա ավտոմեքենան։

Վարորդը իջնելով ավտոմեքենայից շարունակել է լկտի պահվածք ցուցաբերել և դարձյալ հայհոյանքներ հնչեցնել ոչ միայն պարեկների, այլև դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության ծառայողների հասցեին և շարունակել է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ընթացքում բռունցքով հարվածել է պարեկ Արսեն Մկրտչյանին ու հարձակվել ծառայություն կատարող պարեկային ծառայողների վրա։

Տեսնելով, որ վարորդը, ինչպես «կատաղած ցուլը», շարունակում է ցուցաբերել լկտի պահվածք, պարեկներն ու ոստիկանները ստիպված նրա նկատմամբ հատուկ միջոց են իրականացնում և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արտաշատի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում «Ձենով Օհանի» դերի մեջ մտած ու իրեն առյուծի տեղ դրած, իսկ ոստիկանությունում արդեն Սասնա Էպոսի մեկ այլ հերոսի՝ «Ցռան Վերգոյի» օրն ընկած բերման ենթարկվածը Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ 41-ամյա Սամվել Բարսեղյանն է, ում վերաբերյալ դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք նրա հետ ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր