211652_close_icon
views-count53349 դիտում article-date 13:24 08-12-2023

«Կլասիկ կաշառակերության» բացառիկ դեպք՝ Տավուշի մարզում. մարզի ոստիկանապետի հանձնարարականով  իրականացվել է «Գառը գելին ի պահ չեն հանձնում» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները բավականին արդյունավետ պայքար են տարել ու շարունակում են տանել՝ Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեմ պայքարում: Հերթական բացահայտումն էլ նրանց կողմից տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին, ինչը, կարելի է ասել, «կլասսիկ կաշառակերության» դեպք է:

Ինչպես հայտնում  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին «Հայանտառ» ՊՈԱԿ «Սևքար անտառտնտեսության» Աչաջրի անտառպետության անտառապահ Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Գ.-ն Սևքար անտառապետության անտառապահ 69-ամյա Սերգո Ե.-ին առանց համապատասխան փաստաթղթի ապօրինի ծառահատում կատարելու համար յուրաքանչյուր անգամ վճարել է 10 հազար դրամ՝ իրեն պատկանող «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայով փայտանյութ տեղափոխելու համար:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Սերգո Ե.-ն Էդգար Գ.-ի հսկողության տակ գտնվող պահաբաժնից նշված մեքենայով շուրջ 10 անգամ փայտանյութ է դուրս բերել, որի համար ըստ նախնական համաձայնության 10 հազարական դրամ գումարները  (ընդհանուր շուրջ 100 հազար դրամ)  թողել է Լուսաձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կայանում, դրամարկղի աշխատակցի մոտ, որտեղից էլ Էդգար Գ.-ն գումարները միշտ վերցրել է: Սերգո Ե.-ն Էդգար Գ.-ի հսկողության տակ գտնվող «Պալախկուտ», «Աճարկուտ», «Կոտրատված» կոչվող տարածքներից նշված ժամանակահատվածում ընդհանուր հատել է թվով 50 հատ տարբեր տեսակի առողջ  ծառեր:

Ոստիկանները հայտնաբերել են Էդգար Գ.-ին և Սերգո Ե.-ին և տեղափոխել ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից նրանց ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և վարույթի շրջանակներում Էդգար Գ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հայտնում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով Տավուշի մարզի ոստիկանապետ Ա. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ և երբ փաստերը հավաքվել ու զգացվել է, որ արդեն օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իրականցվում է «Գառը գելին ի պահ չեն հանձնում» օպերացիան: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր