211652_close_icon
views-count1072 դիտում article-date 19:32 08-12-2023

ԱՊՀ երկրների ՔԾ-ների ղեկավարների խորհրդին ներկայացվել են ՀՀ քրեակատարողական համակարգի բարեփոխումները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ VIII նիստին։ Ներկա են գտնվել նաև Ծառայության շտաբի պետ Արտակ Սարգսյանը և գլխավոր մասնագետ Ռաֆայել Հարությունյանը։

Նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ամբակում Գրիգորյանն իր ելույթում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայությունների գործընկերներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական համակարգի արդի վիճակն ու վերջին ժամանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումները։

Ամբակում Գրիգորյանը մասնավորապես անդրադարձ է կատարել քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգի ներդրմանը, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականից, ներկայացրել է նաև Ծառայության օպերատիվ համակարգում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները, որոնք թույլ կտան առավել վերահսկելի դարձնել օպերատիվ իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում։

Արդեն իսկ իրականացված աշխատանքներից Ամբակում Գրիգորյանն առանձնացրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներդրված, հանրային պաշտպանների և ազատազրկված անձանց տեսահաղորդակցությունն ապահովող փորձնական ծրագիրը, որը նպատակ ունի հեշտացնելու անվճար իրավաբանական օգնության հասանելիությունը՝ միաժամանակ ապահովելով փաստաբան-վստահորդ կապի գաղտնիությունը։ Բացի այդ՝ ներկայացրել է պետական միջոցների հաշվին ազատազրկված անձանց թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիրը։

Ամբակում Գրիգորյանը կարևորել է նաև համագործակցության ամրապնդումը քրեակատարողական հիմնարկներում ծայրահեղական և ահաբեկչական գաղափարների դեմ պայքարում։

Նմանատիպ նյութեր