211652_close_icon
views-count5296 դիտում article-date 16:46 29-12-2023

Տրանսպորտից 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինի. գրեթե նույն գինն է գալիս. Ավինյանը՝ ուղեվարձի բարձրացման մասին

Երևանում հասարակական տրանսպորտի վճարային նոր համակարգ կներդրվի 2024 թվականից։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք տրանսպորտի վճարի թանկացում կլինի։

Ավինյանը նշեց, որ ինքը դա թանկացում չի կոչի։ Նրա խոսքով` այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, և այն նախնական առաջարկը, որ արվել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների գործընկերների կողմից, պրոդուկտային տարբերություն է տալիս ներկայիս համակարգի հետ։

Նա միաժամանակ ընդգծեց, որ տրանսպորտից միանգամյա` 100 դրամով օգտվելու հնարավորություն չի լինելու։
«Գրեթե նույն գինն է գալիս, ինչ հիմա, կամ որոշ դեպքերում ավելի էժան, եթե եռամսյակային կամ տարեկան տոմս առնեն։ Լինելու է մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ ամսվա, մեկ տարվա և մեկ–երկու այլ տեսակի տոմսեր»,– ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` որոշակի արտոնություններ են սահմանվելու տարբեր խավերի համար։

 «Դա որոշ չափով կմեղմացնի այն հավելյալ բեռը, որը կարող է առաջանալ մարդկանց համար»,–ասաց նա։

Ըստ Երևանի քաղաքապետի` տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։

Նմանատիպ նյութեր