211652_close_icon
views-count1801 դիտում article-date 15:33 04-01-2024

Շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել եկամուտները և վճարել հարկերը. ՊԵԿ նախագահ

Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել իրենց եկամուտները և վճարել հարկերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Բադասյանի խոսքով՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկային կարգապահությունը չի թուլացել:

«Ունենք դեպքեր, երբ շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել և վճարել իրենց հարկերը:

Սակայն կան նաև դեպքեր, որոնք դեռ ստվերում են, բայց դրանով զբաղվում ենք»,- վստահեցրեց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով անհատների կողմից սոցիալական տարբեր ցանցերում բարձր գներով գովազդ կատարելու ու հարկային դաշտում գործել-չգործելու վերաբերյալ հարցին՝ Բադասյանն ասաց, որ անպայման կուսումնասիրեն:

«Եթե ստուգենք և տեսնենք, որ ինքը որպես բիզնես գրանցված չէ և որպես ֆիզիկական անձ էլ չի հայտարարագրել այդ եկամուտները, անպայման վարչարարություն կլինի»,- շեշտեց ՊԵԿ նախագահը:

Նա ընդգծեց՝ ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: «Բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ թե՛ էլեկտրոնային հարթակներով գովազդներ են տեղադրվել, թե՛ որոշակի իրեր են վաճառվել, որոնցով հարկեր չեն վճարվել»,- նշեց Բադասյանը:

Նմանատիպ նյութեր