211652_close_icon
views-count850 դիտում article-date 15:00 07-01-2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ՝ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի փոփոխություններ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխություններ։

«Ինչպես հայտնի է, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենը, որը ԱՆԻՖ- ի ստեղծման օրվանից ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ 2023 թվականից՝ խորհրդի նախագահ։ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ՝ նրան տնօրենների խորհրդի պաշտոնում փոխարինել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Անի Իսպիրյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ․ սեպտեմբերից։ Դրանից առաջ 2020-2021 թթ․ եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետ՝ «իԳործ» ծրագրի շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։

«Խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ վաղաժամ դադարեցվել են ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Էկոնոմիկայի նախարարության այս առաջարկից հետո խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել նաև խորհրդի անդամի պաշտոնից։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդից հեռանալու որոշում է կայացրել նաև տնօրենների խորհդրի մեկ այլ երկարամյա անդամ Իսիդորո Լուչիոլան, որը մի շարք միջազգային ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է, Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու է: Պարոն Լուչիոլան նույնպես ստեղծման օրվանից եղել է ԱՆԻՖ- ի տնօրենների խորհրդի անդամ, աջակցել է Հայաստանում ներդրումային մի շարք ծրագրերի իրականացմանը։

Հեռացել են նաև ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը»,- հայտնում են ԱՆԻՖ-ից։

Ըստ ԱՆԻՖ-ի կայքի՝ ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ Լինելով կառավարության կողմից ստեղծված կազմակերպություն ՝ ԱՆԻՖ- ն ապակուսակցական և ապաքաղաքական միավոր է, որի հիմնական շահառուներն են Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին և ներքին ու արտաքին ներդրողները:

ԱՆԻՖ-ը նաև տեղեկացրել է. «2019-ից ի վեր ԱՆԻՖ-ը տնօրենների խորհրդի և ղեկավար կառույցի հիմա արդեն նախկին կազմով իրականացրել է մի շարք ռազմավարական ծրագրեր, այդ թվում՝ այս պահին Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագիրը՝ ԱՄԷ «Մասդար» ընկերության հետ համատեղ «Այգ-1» -ը, և «էյր Արաբիայի» հետ՝ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության ստեղծումը։

Մինչ օրս ԱՆԻՖ- ի իրականացրած ծրագրերի համառոտ նկարագրությունը՝ թվերով.

օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավում՝ ընդհանուր առմամբ 84,6 մլրդ դրամ ծավալով (09.11.2023 փոխարժեքով) կամ 210 մլն ԱՄՆ դոլար, որից`

«Ֆլայ Արնա»` 10 մլն ԱՄՆ դոլար,

ԱՅԳ-1` 200 մլն ԱՄՆ դոլար,

Ներքին շուկայում ներդրումներ (ՆՇՆ) «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ծրագրի միջոցով 2021-2023 թթ.՝ 7,8 մլրդ դրամ` ԱՆԻՖ-ի կողմից ուղղակիորեն ներդրված գումար, 900 մլն դրամ` մասնավոր գործընկերների կողմից համաներդրված գումար, 1,931 մլրդ դրամ՝ առևտրային բանկերից ներգրավված գումար:

Վճարված հարկեր 2021-2022 թթ.՝ 837 մլն դրամ;

Վճարված հարկեր 2023թ. 9 ամիսներին՝ 3,3 մլրդ դրամ;

Վճարվելիք հարկեր 2023-2024 թթ.՝ 8,9 մլրդ դրամ (ներառյալ 2023թ. 9 ամիսներին փաստացի վճարված հարկերը);
Ստեղծված աշխատատեղեր՝ 800-ից ավելի

Միջին աշխատավարձ՝ ԱՆԻՖ-ի ստեղծած ծրագրերում 2023թ. դրությամբ՝ 558 հազ դրամ, երբ ՀՀ միջին աշխատավարձն է՝ 263 հազ. դրամ

Ներդրումների ներգրավման համակարգային լուծում՝ ARFI (Armenia Financed) աշխարհում առաջին առցանց պետական քրաուդինվեսթինգի հարթակի ստեղծում, որը համակարգային ձևով լուծում է սփյուռքից հայրենիք նեդրումների կայուն հոսք ապահովելու խնդիրը:

1,76 մլրդ դրամ (մոտ 4,5 մլն դոլար) զուտ հաշվապահական շահույթ 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ։

ԱՆԻՖ-ի հեռացող տնօրեն Դավիթ Փափազյանն ասել է. «Ինձ համար պատիվ էր ղեկավարել Հայաստանի նորաստեղծ ինքնիշխան ֆոնդը հիմնադրման օրվանից՝ 2019-ից ի վեր։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացել են մեր առաքելությանը, մեր տեղական և միջազգային գործընկերներին, բոլոր նրանց, ումից այս շփումների ընթացքում շատ բան եմ սովորել և այդ գիտելիքը ինձ հետ տանելու եմ իմ հաջորդ աշխատանքային փուլ։ Էկոնոմիկայի նախարարությանը մաղթում եմ հաջողություն՝ իրենց հանձնված ժառանգության վրա ավելին կառուցելու գործում»»։

Նմանատիպ նյութեր