211652_close_icon
views-count1402 դիտում article-date 15:39 10-01-2024

ՀՀ-ում կան շուրջ 9000 թոշակառու, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում

Հայաստանի աշխատաշուկայում կան շուրջ 9000 թոշակառուներ, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում։

2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Այս թիվը խոսում է բարձր արտադրողականություն ունեցող աշխատողների մասին, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան աշխատաշուկայում և արժեք ավելացնեն»,-ասաց Մկրտչյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ԱԺ կներկայացնեն կենսաթոշակային ապահովության ոլորտի օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի` այն թոշակառուները, որոնք ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը, կկարողանան կամավորության սկզբունքով, իրենց ուզած ժամկետով հետաձգել կենսաթոշակի ստացումը` հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով։

«300 000 դրամ աշխատավարձ ստացող կենսաթոշակառուի համար միգուցե մեծ ազդեցություն չունենա կենսաթոշակի գումարը, և հետո, երբ նա չի աշխատի, արդեն ավելի բարձր կենսաթոշակ կստանա»,–ասաց նախարարը։

Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդլայնել է կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների աշխատելու հնարավորությունը։ Գերատեսչությունը փոփոխություններ է կատարել Աշխատանքային օրենսգրքում, և աշխատողի կենսաթոշակային տարիքի լրանալը գործատուի համար նրան աշխատանքից ազատելու հիմք չէ։

Նմանատիպ նյութեր