211652_close_icon
views-count835 դիտում article-date 17:54 16-01-2024

Հայաստանում պարտադիր պետք է սահմանվի «վաստակավոր սուտասան» կոչումը․ Հայկ Մամիջանյան

Վերջին օրերին շատ քննարկվեց ժողովրդական և վաստակավոր կոչումների անհրաժեշտությունը Հայաստանում, բայց  միանշանակ վստահ եմ, որ կա մի կոչում, որը  Հայաստանում պարտադիր պետք է սահմանվի։ Դա վաստակավոր սուտասանի կոչումն է: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Այնուհետև նա ենթադրեց, թե ով է հավակնում այդ կոչմանը. «Օրինակ մի մարդ, ով իշխանության գալով խոստացավ սեփական կետից սկսել բանակցությունները, իսկ մինչև հիմա անդադար մեղադրում է նախկիններին,  ընդ որում անգրագիտաբար,  իր բացթողումների ու կորուստների համար։

Գուցե այն մարդը, որը ասաց՝  «Արցախը Հայաստան է ու վերջ», իսկ դրանից մի քանի տարի հետո  Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Գուցե այն մարդը, որը խոսում էր Արցախի քաղաքացիների  իրավունքներից ու ազատություններից, իսկ հետո բախտի քմահաճույքին թողեց նրանց։

Կամ այն մարդը, ով խոստանում էր արագաչափերը պակասեցնել ու իշխանության գալուց հետո  դրանց թիվը շեշտակիորեն ավելացրեց, կամ այն մարդուն, ով կարմիր գծերի  դեմ էր պայքարում, իսկ հիմա դրանց համար պահանջում է, որ վճարեն 160 հազար դրամ։

Գուցե այն մարդը, որ կոռուպցիայից էր խոսում  իշխանության գալու համար, բայց հիմա Հայաստանի բյուջեի մի մասը պարզապես  լափվում է մեկ անձից գնումների միջոցով։

Կամ այն մարդը, որ խոսում էր ժողովրդավարությունից, իսկ  հիմա բանտերը լցրել է քաղբանտարկյալներով, որոնք  նստած են բացառապես ճշմարտությունը բարձրաձայնելու կամ ՔՊ-ին  այս կամ այն քաղաքում հաղթելու համար։
Այն մարդը, որը խոսում էր ընտրախախտումներից, բայց,  կարծես, սեփական կուսակցության ընտրություններն էլ է խախտումներով անում, ու հիշեցնեմ Երևանում կարգեց  քաղաքապետ մի մարդու, որը Երևանի բնակիչների ձայների, եթե չեմ սխալվում, 9 տոկոս էր վաստակել։

Կամ այն մարդը, որը խոստանում էր  խաղաղության դարաշրջան ու  այդ դարաշրջանում հարյուրավոր զոհեր եղան, կամ այն մարդը, որ բանակի  ռեֆորմներից էր խոսում, իսկ հիմա, ցավոք սրտի, ոչ մարտական զոհերի մասին նորությունները մի տեսակ վիճակագրություն են դարձել իրենց հաճախականությամբ։

Գիտեք՝ ժամանակը և ժողովուրդը լավագույնս կտան գնահատականը, թե յուրաքանչյուրը վաստակավոր ով կման պատմության մեջ»։

Նմանատիպ նյութեր