211652_close_icon
views-count859 դիտում article-date 18:47 16-01-2024

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ուսանողների հետ

Յուրաքանչուրը պետք է առավելագույնն անի իր համայնքը զարգացնելու եւ բարելավելու համար. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ազգությամբ եզդի ուսանողների հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են եզդիական համայնքի խնդիրներին վերաբերող հարցեր: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է իր կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին, ներկայացրել եզդիական համայնքի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները:

Պատգամավորը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներում պատրաստվում է հանդես գալ նոր՝ ամուսնության տարիքի շեմի բարձրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ: Հարցի վերաբերյալ կլինեն քննարկումներ, կկազմակերպվեն նաեւ խորհրդարանական լսումներ:

Ռուստամ Բաքոյանն առաջարկել է ուսանողներին մասնակցել նախատեսվող քննարկումներին եւ ներկայացնել առաջարկներ: Պատգամավորը կարեւորել է կրթություն ստանալու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ 40 հազարանոց եզդիական համայնքն ունի մոտ 100 ուսանող: Ըստ նրա՝ հատկապես երիտասարդներն են եզդիական համայնքի մշակույթի եւ ինքնության կրողներն ու պահպանողները, ուստի անհրաժեշտություն կա խթանելու բարձրագույն կրթություն ստանալու հարցը:

Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

Նմանատիպ նյութեր