211652_close_icon
views-count1102 դիտում article-date 22:42 17-01-2024

ՀՀ շահերից է բխում աշխատել Հնդկաստանի և Իրանի հետ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հնդկաստանը պաշտոնապես արձագանքել է, որ ընբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը հրթիռների և ԱԹՍ-ների միջոցով հասցված իրանական հարվածներին, քանի որ պետք է զրո հանդուրժողականություն դրսևորվի ահաբեկիչների նկատմամբ։

Պատկերը սակայն ավելի լայն է և ավելի հետաքրքիր, որովհետև հարվածներին նախորդել էր Հնդկաստանի արտգործնախարարի այցն Իրան, իսկ դրա ընթացքում նաև քննարկվել էր հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի կարևոր բաղադրիչ իրանական Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքների ընդլայնման հարցը։

Այն պայմաններում, երբ իրանամետ եմենյան հութիները փաստացիորեն սահմանափակել են Կարմիր ծովով բեռների տեղաշարժը հնդկական Հյուսիս-Հարավն էլ ավելի հրապուրիչ և արդիական է դարձել աշխարհի համար։ Իսկ իրանական Չաբահարի մրցակիցը պակիստանյան Գվադարն է, ուստի իրանական հարվածը կրկին բազմակողմ է աշխարհաքաղաքական առումով։

Ուղերձը շատ հստակ է և խորը՝ Կարմիր ծովն անվտանգ չէ, Պակիստանն անկայուն և ահաբեկիչներին իր տարածքում պատսպարող պետություն է, իսկ Թեհրանը հաշվի չի նստում նույնիսկ դրա միջուկային կարգավիճակի հետ, ուստի Հնդկաստանից սկսվող և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավն է դառնալու Հնդկական թերակղզին Եվրոպային կապող ամենակարճ և անվտանգ միջազգային ուղին։

Թուրանական «Միջին միջանցք» կոչեցյալն էլ այս ծրագրի հակոտնյան է, և Հայաստանի տարածքով դրա անցկացումը ուղղակիորեն հակասում է թե՛ հնդկական, թե՛ իրանական շահերին, ուստի ամենևին էլ պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նույնիսկ սպառնում Բաքվի բարբարոսական վարչախմբին և զգուշացնում Թուրքիային։

Հետևաբար Հայաստանի շահերից է բխում մի կողմ թողնել պատրանքները և քրտնաջան աշխատել ասիական այս երկու հսկաների հետ՝ դառնալու հենց Հյուսիս-Հարավի մասնակից և այս հարցում լրջագույն աշխարհաքաղաքական այլընտրանք արհեստածին Ադրբեջանին, որը դաշնակցում է Հնդկաստանի ախոյան Պակիստանի և Իրանի թշնամի Իսրայելի հետ»,- գրել է իրանագետը։ 

Նմանատիպ նյութեր