211652_close_icon
views-count115722 դիտում article-date 23:19 18-01-2024

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա 1 զոհ. 3 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու պարեկները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Դավիթ Բեկ - Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի և թիվ 11 փրկարարական ջոկատի փրկարարները ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Առաքելյանն ու Էրիկ Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Դեպքի վայր է ժամանել նաև ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի, տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ պարզելու են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր