211652_close_icon
views-count865 դիտում article-date 12:42 22-01-2024

Բոլորս էլ սիրում ենք մեր հարազատներին. դա չի նշանակում՝ բժիշկների հանդեպ թույլատրելի սահմանը կարող ենք անցնել. Ավինյան

Միանշանակ դատապարտելի են այն դեպքերը, երբ բռնություն է գործադրվում բժիշկների նկատմամբ իրենց ծառայությունն իրականացնելիս: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրերս շտապօգնության անձնակազմի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպերին:

«Միանշանակ, մենք էլ պետք է մտածենք, թե քաղաքապետարանն ինչ կարող է անել դրանք հնարավորինս  կանխելու եւ պատիժը հնարավորինս արագ տեղ հասցնելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ պետք է համագործակցել ուժային կառույցների հետ»,-ասաց նա:

ՔԿ ներկայացուցիչն անդրադարձավ շտապօգնության անձնակազմին բռնության ենթարկելուն առնչվող միջադեպերին՝ նշելով, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2024-ի հունվարի 13-ին՝ ժամը 09:10-ի սահմանում, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բրիգադը շտապօգնության կանչով մեկնել է Երևանի Նորաշեն թաղամասի 33 հասցե, նշված հասցեում հիվանդը և նրա երկու որդիները ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ և հարվածներ հասցրել բժշկին՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բժիշկը ներկայացվել է փորձաքննության, և բժշկի համապատասխան եզրակացությունը ստանալուց հետո նշված անձանց արարքին կտրվի գնահատական:

Արձանագրվել է նաև երկրորդ դեպքը, որի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ազատությունից ապօրինի զրկելու և հոգեկան ներգործություն պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2024-ի հունվարի 16-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բրիգադը շտապօգնության կանչով մեկնել է Երևան քաղաքի Գուրգեն Մահարու 127/1 հասցե, որտեղ հիվանդի որդիները սպանության և առողջության վնաս պատճառելու սպառնալիքներ են հնչեցրել բրիգադի երեք աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև նրանց ապօրինի զրկել են ազատությունից:

Հիշյալ երկու անձինք նույն օրը ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր ենթադրյալ արարքների կատարման համար: Դատարանը միջնորդություն է ներկայացվել, և հիշյալ երկու անձինք այժմ կալանավորված են:

Տիգրան Ավինյանը կարևորեց, որ համաչափ արձագանք կա դեպքերին՝ կարծիք հայտնելով, որ քննչական մարմինները այս դեպքով շատ արագ և ճիշտ են գործել. «Այս դեպքերը հաճախակի են, սա էլ մեր մշակույթից պետք է մի փուլում դուրս գա, որովհետև տարօրինակ երևույթ է անընդհատ բժիշկների նկատմամբ որոշակի բռնություն գործադրելը:

Մենք բոլորս մեր հարազատներին շատ սիրում ենք, բայց դա չի նշանակում, որ թույլատրելի սահմանները կարող ենք անցնել այն պայմաններում, երբ մարդը, բժիշկը եկել է մեր հարազատին օգնելու: Եվ երբ բժիշկը եկել է, պետք է թույլ տալ, որպեսզի նա իր պարտականությունները կատարի»,- ասաց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր