211652_close_icon
views-count541 դիտում article-date 19:53 24-01-2024

Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի հաղթողներին

Այսօր Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի 7 հաղթողներին և պարգևատրել նրանց շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվության համար և նշել.

«Մենք այսօր նշում ենք մեր ամենանշանավոր գրողներից մեկի՝ Պարույր Սևակի 100-ամյակը, որի շրջանակում կազմակերպված մրցույթում ավելի քան 4000 սովորողներ փորձել են լինել առաջինը, բայց հենց ձեզ է հաջողվել լինել ամենառաջինը: Հույս ունեմ՝ դուք կլինեք լավ օրինակ նաև ձեր դասընկերների համար, որոնք ևս չեն վարանի և կմասնակցեն այլ մրցույթների, որոնք նախատեսված են առաջիկայում»:

Նախարարն ընդգծել է, որ մրցույթները ոչ միայն բարձրացնում են իրազեկվածությունը տվյալ գործչի նկատմամբ, այլև դառնում են յուրօրինակ կրթական գործընթաց:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժներին, որոնք խրախուսել են և ջանքեր են ներդրել, որ աշակերտներն սկսեն հետաքրքրվել և կարևորել գրողների կյանքն ու գործունեությունը: Նախարարի դիտարկմամբ՝ այստեղ կարևոր է ինչպես ուսուցչի, այնպես էլ ընտանիքի դերը:

Հանդիպմանն աշակերտները կիսվել են իրենց տպավորություններով: Նրանք հատկապես ընդգծել են մրցույթների անցկացումը գրողի մասին իրազեկվածության բարձրացման, նրա ստեղծագործական գործունեության հանդեպ հետաքրքրությունների ընդլայնման տեսանկյունից:

«Ես նախկիում այդքան էլ հետաքրքրված չէի Սևակով, սակայն այժմ ցանկություն ունեմ ուսումնասիրելու, ավելի շատ ճանաչելու»,- ասել է Նանե Ներկարարյանը՝ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցից:

Իսկ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հմ. 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Միլենա Կռոյանը պատմել է, որ ամեն օր զարթուցիչով պլանավորել է ժամը 20:00-ն՝ բաց չթողնելու մրցույթը, և բազմաթիվ փորձերից հետո այս անգամ նրան հաջողվել է լինել առաջինը։

Աշակերտներից ոմանք նոր են սկսելու ուսումնասիրել Սևակ, իսկ մյուս աշակերտների համար Սևակն արդեն իսկ ամենասիրելի գրողն է, ինչն էլ մղել է շատ կարդալ գրողի մասին և վստահորեն մասնակցել մրցույթին: Նրանք ասմունքել են Սևակի՝ իրեց սիրելի տողերից որոշ հատվածներ:

Նախարարը հետաքրքրվել է՝ որ ստեղծագործությունն են ամենաշատը սիրում աշակերտները, ինչ գիտեն Սևակի թարգմանական գործունեության մասին, եղե՞լ են թանգարանում, թե՞ ոչ, ինչ է գրականությունը նրանց համար և այլն:

Աշակերտները կարևորել են հատկապես այն փաստը, որ մրցութային հարցերը դժվարամատչելի էին, և համացանցում հեշտ հասանելի չէին, ինչն ստիպում էր կարդալ և հետազոտել հեղինակին:

Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյանը, որը ևս սիրում և ուսումնասիրում է գրականություն, ուներ նաև առաջարկ Սևակի 100-ամյակի կապակցությամբ: Աշակերտն առաջարկել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում սիմֆոնիկ երաժշտության և Սևակի բանաստեղծությունների համադրությամբ համերգ կազմակերպել: Ի պատասխան առաջարկի՝ նշվել է, որ այն կքննարկվի միջոցառումների ցանկում:

«Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ Պ. Սևակի տուն-թանգարանի հետ համատեղ՝ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

Նմանատիպ նյութեր