211652_close_icon
views-count1248 դիտում article-date 16:18 17-07-2015

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը. լուսանկարներ

Հուլիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց աշխարհահռչակ ֆրանսիահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանին: Արարողությունն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցներին ու հյուրերին ողջունեցին Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Այնուհետև խոսք ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը` երախտագիտությամբ անդրադառնալով արվեստի նկատմամբ Վեհափառ Հայրապետի կողմից ցուցաբերվող ուշադրությանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Ոսկե ծիրան» փառատոնի միջև ձևավորված սերտ համագործակցությանը, ապա ներկայացրեց տիար Ռոբեր Գեդիգյանի վաստակը: Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի պատասխանատու Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընթերցեց «Եղիցի լույս» մրցանակի հայրապետական վկայագիրը, որով հաստատվում է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը 2015 թ. շնորհվում է հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ, կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանին: Հավարտ վկայագրի ընթերցման, Ամենայն Հայոց Հայրապետը կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանին հանձնեց «Եղիցի լույս» մրցանակը: Այն ստանալուց հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ մրցանակակիրը` մասնավորապես նշելով. «Ես շատ շոյված և երջանիկ եմ այս մրցանակի համար, հատկապես այն բանի համար, որ մրցանակի անունը` լույսը, ուղղակիորեն կապված է կինոարվեստի հետ: Ֆիլմն ինձ համար լույս է մթության մեջ, որը կարող է օգնել մարդկանց դուրս գալու խավարից, փոքրից գնալու դեպի մեծը…: Այս է պատճառը, որ ես մշտապես այն համոզումն եմ ունեցել, որ կինոն ուղղակիորեն կապված է կրոնի հետ, և հավատացած եմ, որ փառատոնը, որի ժյուրիի նախագահն եմ այսօր, հարուստ է բազմաթիվ լույսերով»: Հանդիսության ընթացքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ տեղի ունեցավ նաև պարգևաբաշխություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին` առ ի գնահատություն վերջինիս երկար տարիների վաստակյալ գործունեության: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցվեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից: Հայրապետական կոնդակում ասվում է. «…Սիրելի՛ պրն. Խաչատրյան, ճանաչում ենք Ձեզ անձնապես և քաջատեղյակ ենք Ձեր բեղմնավոր գործունեությանը: Դուք տասնյակ տարիներ նվիրյալ, ազգօգուտ աշխատանքով բարի ավանդ եք բերում հայ մշակույթի, մասնավորաբար, հայ կինոյի զարգացման գործին` ի սպաս դնելով աստվածպարգև Ձեր շնորհներն ու կարողությունները: Ձեր հեղինակած ֆիլմերը բազմիցս մրցանակների են արժանացել միջազգային հեղինակավոր փառատոններում` պատիվ բերելով շնորհաշատ հայորդուդ: Ձեր վաստակն այսօր արժանապես գնահատված է պետական ու հասարակական բազմաթիվ պարգևներով ու կոչումներով: Այսօր առիթ ունենք անդրադառնալու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադրման գործում Ձեր գնահատարժան վաստակին: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ Ձեր ջանքերով «Ոսկե ծիրան»-ը դարձել է մեր երկրի մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը` արդյունավորապես ծառայելով հայ կինոարվեստի և հայ մշակույթի ճանաչմանը աշխարհում և հնարավորություն ընձեռելով արվեստասեր մեր ժողովրդի զավակներին հաղորդ դառնալ հայ և համաշխարհային կինոյի լավագույն ձեռքբերումներին»: Կոնդակի ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալի կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանով: Այս առիթով երախտագիտության խոսք ասաց տիար Հ. Խաչատրյանը` հավաստիացնելով, որ պիտի շարունակի մնալ Մայր Աթոռի նվիրյալը և իր արվեստով ծառայել Հայոց Եկեղեցուն: Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Ողջունելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած մասնակիցներին` Ամենայն Հայոց Հայրապետը նշեց. «Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ կինոփառատոնը կայացած ավանդույթ է դարձել հոգևոր-մշակութային մեր կյանքում: «Ոսկե ծիրան»-ն իր ուրույն տեղն ունի կինոաշխարհի բազմաթիվ փառատոնների մեջ. այն հրաշալի հնարավորություն է ընձեռում կինոարվեստի շնորհաշատ ստեղծագործողներին մասնագետների ու հանրության դատին ներկայացնելու իրենց աշխատանքի արդյունքները: Հիմնադրման օրվանից կինոփառատոնը ստանձնել է քաղաքակրթությունների ու մշակույթների երկխոսության մի բարձր առաքելություն` ծառայելով ընդհանուր բարիքի, մարդկանց ու ժողովուրդների միջև համերաշխության ու խաղաղության ամրապնդմանը. արժեքներ, որոնց ջատագովը մշտապես եղել է քրիստոնեական ավանդույթներով հարուստ մեր Հայաստան աշխարհը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նշանակալի իրադարձություն է հայաստանյան մեր իրականության մեջ, որ նոր շունչ ու ազդակ է հաղորդում հայ կինոարվեստին` հարթակ դառնալով նոր ստեղծագործությունների արարման, փորձի փոխանակման, նոր կապերի ու հարաբերությունների հաստատման: Կինոփառատոնի արձանագրած ձեռքբերումներն արդյունք են փառատոնի կազմակերպիչների ու գործակիցների նվիրյալ ու հետևողական ջանքերի, Հայրենի պետության աջակցության և մասնակիցների խանդավառ ներգրավվածության: Ուրախ ենք, որ մեր Եկեղեցին ևս իր ներդրումն է բերում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աշխատանքներին»: Նորին Սրբությունը նաև անդրադարձավ ֆրանսահայ կինոռեժիսոր և դերասան Ռոբեր Կետիկյանին «Եղիցի լույս» մրցանակը հանձնելու փաստին` իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելով մեծանուն ռեժիսորին: «Տիար Կետիկյանը, լինելով Հայոց Ցեղասպանությունը վերապրած սերնդի շառավիղների ներկայացուցիչներից, 2015 թվականին, երբ ազգովի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, աշխարհին է ներկայացնում «Խենթ պատմություն» վերտառությամբ հեղինակային ֆիլմը, որը պատմում է Հայոց Ցեղասպանության, դրա հետևանքների և Թուրքիայի կողմից մինչ օրս տարվող ժխտողական քաղաքականության մասին: Ինչպես հեղինակն ինքն էլ նշում է, սա ոչ միայն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, այլև Թուրքիո պետության ժխտողականության 100-ամյակը: Ռոբեր Կետիկյանի անցած ստեղծագործական ուղին լավագույն վկայությունն է, որ հայ ժողովրդի ստեղծագործ ոգին անհնար է ոչնչացնել. ոչ մի արհավիրք և թշնամություն չի կարող սպանել մեր ժողովրդի հոգում կյանքի հանդեպ սերը, արդարության և ազատության համար պայքարի կամքը: Նա իր օրինակով հավաստում է, որ հայ ժողովուրդը Հարությանը հավատացող ազգ է` այդ տեսիլքով ապրող և արարող», - ասաց Նորին Սրբությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը բերեց կինոփառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանին` փառատոնի ստեղծման և արձանագրած հաջողությունների գործում ունեցած վերջինիս մեծ վաստակի համար: Վերջում Հայոց Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց փառատոնի բոլոր մասնակիցներին ու մրցանակակիրներին` ի խորոց սրտի աղոթքով նորանոր հաջողություններ մաղթելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր