211652_close_icon
views-count1081 դիտում article-date 23:10 26-01-2024

Հանդիպում է կազմակերպվել Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ

Հունվարի 26-ին խորհրդակցություն անցկացրի Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ՝ ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակի օպտիմալացման մոդելը, ինչի արդյունքում բուժհաստատությունները կվերազինվեն և անհրաժեշտության դեպքում նաև կվերանորոգվեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է մարզպետ Կարեն Սարգսյանը․ 

«Նշված թեմայի շուրջ տեղի ունեցավ ծավալուն քննարկում և հարց ու պատասխան:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին նաև աշխատանքային կարգապահության, փաստաթղթաշրջանառության ճիշտ վարման, հաշվետվությունների ներկայացման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառման, ուղեգրող հանձնաժողովի դիմումները մարզպետի մոտ քննարկելու, անաշխատունակության թերթիկների տրամադրման, ճամբարների և առողջարանների ուղեգրման համար ներկայացվող փաստաթղթերի ամբողջական լրացման, թափուր հաստիքները օրենքով սահմանված կարգով համալրելու, բուժհմնարկներում հաշմանդամների համար պայմաններ ապահովելու, դպրոցներում համաճարակային ֆիլտրի ճիշտ կազմակերպման, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների, առաջնահերթ նշանակության այլ խնդիրների կարգավորման հետ կապված հարցերը։

Ներկայացնելով մարզպետի աշխատակազմի կողմից արձանագրված աշխատանքային կարգապահության խախտումները և մասնագիտական գործունեության ընթացքում նկատված թերացումները՝ հրահանգեցի բուժհիմնարկների տնօրեններին՝ աշխատանքների հանդեպ դրսևորել խիստ պատասխանատվություն, իրենց դիմած քաղաքացիների հանդեպ՝ բավարար հոգածություն ու մասնագիտական անհրաժեշտ հմտություններ, անթերի կատարել օրենքով սահմանված կարգով իրենց առջև դրված բոլոր պարտականությունները։

Մարզի առողջպահական համակարգի գերբեռնված վիճակը թելադրում է հետևողական, նպատակասլաց, հաշվենկատ, պարտաճանաչ աշխատանք։ Պետք է հաշվի առնենք, որ ցանկացած կարգապահական խախտում, մասնագիտական թերացում, սխալ որոշում, անհաշվենկատ քայլ բերելու են անցանկալի հետևանքների, մարդկանց կողմից ընդգծված դժգոհությունների ու բողոքների, որոնք անարձագանք չեն մնալու։

Հասկանալի է, որ մեր անելիքները չափազանց ծավալուն են, դժվար ու աշխատատար՝ շուրջօրյա ռեժիմով, սակայն դրանք պարտավոր ենք հաղթահարել մեր համատեղ ու ջանադիր աշխատանքով»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը։

Նմանատիպ նյութեր