211652_close_icon
views-count866 դիտում article-date 15:05 25-12-2014

Տարեվերջյան աշխատանքային հանդիպում` Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը տարեվերջյան աշխատանքային հանդիպում է ունեցել քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ: Նախ, հակիրճ անդրադառնալով 2014 թվականին կատարված աշխատանքներին, Դավիթ Օհանյանը նշել է, որ մայրաքաղաքի առողջապահական տարին չափազանց հագեցած է եղել, ինչպես ծառայությունների որակի բարելավման, այնպես էլ բուժհիմնարկների արդիականացման և նյութատեխնիկական հենքի համալրման առումով: Ոլորտում քաղաքապետարանի տարեկան աշխատանքը լավ գնահատականի է արժանացրել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը: Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է պետական մարմինների կողմից պարգևատրված և պարգևատրման ներկայացված բոլոր բուժաշխատողներին` հատկանշելով, որ Երևանի քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր են գնահատում ոլորտի աշխատակիցների մասնագիտական առաքելությունը: Միաժամանակ, նշվել է, որ դեռևս առանձին բաղադրիչներով կան թերություններ, որոնք պետք է շտկել համատեղ ջանքերով: Անդրադառնալով տոնական օրերին բնակչությանը մատուցվող ծառայություններին՝ Դավիթ Օհանյանը հանձնարարել է բոլոր բուժհաստատություններում սահմանել հերթապահություն և կազմակերպել պատշաճ բուժսպասարկում, ինչպես նաև հատուկ հետևել բուժհաստատությունների կոմունալ ենթակառուցվածքների անխափան աշխատանքին: Առանձին ցուցում է տրվել շտապբուժօգնության ծառայությանը, ելնելով տոնական օրերին ավելացող թունավորման դեպքերի վիճակագրությունից, աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: Միաժամանակ, քաղաքապետի տեղակալը քաղաքացիներին հորդորել է անտեղի զանգերով չխաթարել շտապբուժօգնության առանց այն էլ ծանրաբեռնված աշխատանքը: Հանդիպմանը ներկա քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը տնօրենների հետ քննարկել է ներքին կառուցվածքային մի շարք խնդիրներ և կառավարության որոշումներում տեղ գտած փոփոխություններ: Հանդիպման ավարտին քաղաքապետի տեղակալը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ`նշելով, որ քաղաքապետարանը իր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակում շարունակելու է բոլոր այն աշխատանքները, որոնք միտված են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր