211652_close_icon
views-count66760 դիտում article-date 10:49 28-01-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսը, որի մեջ ուղևորներ են եղել, հայտնվել է մերկասառույցի մեջ, կոտրել բնակչի տան քարե պարիսպն ու երկաթե ճաղավանդակը, բախվել գազի խողովակին և ճանապարհն ամբողջությամբ փակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում 62-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Հագեր» մակնիշի ավտոբուսով Սարի թաղի 13 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի խողովակին, ապա բնակիչի տան քարե պարսպին ու երկաթե ճաղավանդակին, ու ամբողջությամբ փակել ճանապարհը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

 Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացնում նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու կրտսեր պարեկ Հայկ Բարսեղյանը։

Վթար փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ հրաշքով են պրծել թե՛ վարորդը, թե՛ ուղևորները, քանի որ ավտոբուսի մեջ մի քանի ուղևոր կար և երջանիկ պատահականություն էր միայն, որ ավտոբուսը չի կողաշրջվել։ Դեպքը տեղի չէր ունենա, եթե քաղաքապետարանը ժամանակին ճանապարհը մշակեր աղ ու ավազով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 13 երթուղին՝ Քանաքեռ- Սարի թաղ հատվածը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր