211652_close_icon
views-count72037 դիտում article-date 15:00 07-02-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. բախվել են թիվ 67 երթուղու ավտոբուսը և 4 ավտոմեքենա. ավտոբուսն էլ մոտ 1 կմ առաջ է ընթացել և բախվել հողաթմբին. կան վիրավորներ. ըստ վարորդի՝ պատճառը արգելակներն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Jijiang մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 81/1 հասցեի մոտ եղած հսկայական փոսի հողաթմբին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:  

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Միհրան Մեժլումյանն ու պարեկ Գառնիկ Աղաբաբյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 67 երթուղու Jijiang մակնիշի ավտոբուսի արգելակների հետ կապված խնդիրը, և մինչ «Վեոլիա ջրի» կողմից նշված վայրում կոյուղատարեր անցկացնելու համար փորված փոսի մոտ լցված հողաթմբին բախվելը, ավտոբուսը Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել է 2 ավտոմեքենայի, որոնք էլ իրենց հերթին բախվել են 2 այլ ավտոմեքենայի, և հենց  այդտեղից ավտոբուսի վարորդը մոտ 1 կմ առաջ է ընթացել և բախվել հողաթմբին, և եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր՝ վթարը այլ ելք ունենար:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:  

Ավտոբուսի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մյուս վարորդների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր