211652_close_icon
views-count59949 դիտում article-date 23:00 13-02-2024

Նոր մանրամասներ՝ Արթիկում զինված ավազակային հարձակումից․ հնչել էին կրակոցներ, դիմակավորված ստահակները հափշտակել էին 85 հազար դոլարի ոսկյա զարդեր․ հայտնաբերվել է հանցագործության պահին շահագործված Opel-ը. կա կասկածյալ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը փետրվարի 9-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արթիկ քաղաքում տեղի ունեցած զինված ավազակային հարձակման մասին, որի ժամանակ հնչել էին կրակոցներ իսկ դիմակավորված ստահակները, ովքեր ներկայացել էին Ազգային անվտանգության աշխատակիցներ բռնություն էին կիրառել Արթիկ քաղաքի բնակիչներ Մ․ Մելիքյանի և նրա որդու նկատմամբ ու հափշտակել էին մոտ 85 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտուշ Հարությունյանի, Վոլոդյա Լոռեցյանի և Նարեկ Գարեգինյանի գլխավորությամբ Շիրակի մարզ ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններով ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները դեպքի վայրից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Մեղրաշեն գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի հետնամասում հայտնաբերում են Opel Astra մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենա՝ դիմացի աջ դռան հատվածում արնանման հետքերով։
Արթիկ քաղաքում դեպքի վայրում տեղազննություն կատարելուց հետո քննիչներն ու քրեագետները ժամանում են Մեղրաշեն գյուղ, որտեղ իրենց գործողությունները կատարելուց հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով Արթիկի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 252 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակում էլ ոստիկանները հայտնաբերված Opel Astra-ի սեփականատիրոջը, ով Երևանի բնակիչ 38-ամյա Պետրոս Մ․-ն է, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով փետրվարի 10-ին ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Պետրոս Մ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվում և տեղափոխվում է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 9-ին դիմակավորված, զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Ժամանել էին նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արմեն Պետրոսյանը, նույն գլխավոր վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանը: Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումատակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Մկրտիչ Երեմյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Վլադիմիր Մանուկյանը, պարեկներ Վահագն Հակոբյանը, Լևոն Բաղդասարյանն ու Վահան Եսայանը: Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ դեպքի վայրը մեծ տարածք էր, որտեղ հայտանաբերվել էչ գազային ատրճանակի պահունակ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Շիրակի մարզի ավագ դատախազ Սարգիս Պետրոսյանը: Վերջինիս հանձնարարականով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 252 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հատկանիշներով:

Դեպքի վայրում զննություն էին կատարում Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտուշ Հարությունյանի, Վոլոդյա Լոռեցյանի և Նարեկ Գարեգինյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև քրեագետները:

Տուժողը՝ Արթիկի բնակիչ Մ. Մելիքյանը, ով եղել էր իր կնոջ և որդու հետ, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում էին եղել, երբ նրանց էր մոտեցել Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել էին 4 դիմակավորված անձնինք, և ներկայացել, որ իրենք ուժային կառույցի աշխատակից են և իրենց հետ պետք է գան բաժին: Ապա ատրճանակ էին պահել նրանց վրա և նրանց մոտից հափշտակել էին խոշոր չափի ոսկյա զարդեր: Այդ զարդերը տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն: Այդպես էին ասում դեպքի վայրում հավաքված տուժածների հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, այնուհետև  դիմակավորվածները բռնի ուժով նրանց նստեցրել են ավտոմեքենա և քշել դեպի Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ, որտեղ էլ շարունակել են ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնել տուժածներին, ապա այն շարունակել են ավտոմեքենայից դուրս, որի ժամանակ դիմակավորվածներից մեկը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել: Որոշ ժամանակ անց Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Մ.-ն է, ով հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8 հասցեի մոտ՝ հրազենի կոթով գլխին հարված ստանալու պատճառով: Ստահակները այնուհետև նշված Opel-ով դիմել էին փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի համարանիշները ոստիկանները, պարեկներն ու քննիչները ճշտել էին, և պարզվել էր, որ այդ համարանիշները դեպքից ժամեր առաջ գողացել էին Վանաձոր քաղաքում մեկ այլ Opel-ի վրայից։ Իսկ գողացված ոսկեղենը կազմում էր մոտ 85 հազար դոլար:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր