211652_close_icon
views-count1054 դիտում article-date 22:53 27-02-2024

Այս ամենը վկայում է, որ Իրաքը մարդկային քաղաքակրթության բնօրրաներից մեկն է․ ՀՀ նախագահն այցելեց Իրաքի ազգային թանգարան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Իրաքի Հանրապետության ազգային թանգարան։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահը շրջայց կատարեց թանգարանում, ծանոթացավ Իրաքի հարուստ պատմության ու մշակույթի մասին վկայող բացառիկ ցուցանմուշներին։ 

Իրաքի թանգարանի հսկայական հավաքածուն ներկայացնում է մարդկային քաղաքակրթության պատմությունը՝ սկսած ամենավաղ բնակավայրերից մինչև հսկայական կայսրությունների վերելքն ու անկումը: Ներկայացված ցուցանմուշները, որոնցից որոշներն ավելի քան 10,000 տարեկան են, ցույց են տալիս ամեն ինչի զարգացումը՝ որսորդությունից և գրելու գործիքներից, մինչև մաթեմատիկա, արվեստ, իրավունք, կրոն և արդյունաբերություն։ 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայցից հետո շնորհակալություն հայտնեց թանգարանի աշխատակազմին՝ շեշտելով, որ նրանք շատ կարևոր առաքելություն են իրականացնում։ 

Նախագահը շեշտեց, որ ներկայացված ցուցանմուշները ևս մեկ անգամ վկայում են, որ Իրաքը մարդկային քաղաքակրթության բնօրրաններից մեկն է։ «Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Հույս ունեմ, որ ձեր թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցության արդյունքում Հայաստանի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան այս թանգարանի որոշ նմուշներ տեսնել, Իրաքի քաղաքացիներն էլ՝ Հայաստանի պատմության թանգարանի նմուշներ։ Հույս ունեմ, որ մեր թանգարանի ցուցանմուշներն էլ ձեզ կհետաքրքրեն»,- ասաց նախագահը։ 

Շրջայցից հետո նախագահը գրառում կատարեց թանգարանի հյուրերի հուշամատյանում։ 

Իրաքի ազգային թանգարանը հիմնադրվել է 1926 թվականին։ 1991 թվականին Պարսից Ծոցի պատերազմի պատճառով թանգարանը փակվել է և վերաբացվել է միայն 2000 թվականին՝ Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ծննդյան օրը։ 2003 թվականի ապրիլին թանգարանի աշխատակիցներին խնդրել են լքել թանգարանի տարածքը, ապրիլի 7-12-ն ընկած ժամանակահատվածում թանգարանը ենթարկվել է զանգվածային կոպոպուտի, այդ ընթացքում թանգարանի անձնակազմը հնարավորության սահմաններում փորձել է հետ պահել կողոպտիչներին, մինչև ապրիլի 16-ին ժամանել են ամերիկյան զորքերը։ Թանգարանից գողացված նմուշների թվի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, սակայն թանգարանի աշխատակիցները կարծում են, որ այդ օրերին գողացվել է ավելի քան 15 հազար ցուցանմուշ։ 2003 թվականից սկսած՝ թանգարանը բացվել է մի քանի անգամ։

Այն մեկ անգամ բացվել է 2003 թվականի հուլիսի 3-ին, երբ այնտեղ այցելել է ժամանակավոր կոալիցիոն ադմինիստրացիայի հրամանատար Փոլ Բրեմերը։ Այն բացվել է նաև 2008 թվականի դեկտեմբերին՝ թանգարանի տարածքում լուսանկերկվելու հնարավորությամբ։ Այդ ժամանակ հայտարարվել էր, որ որոշ ցուցանմուշներ վերադարձվել են թանգարան։ Թանգարանի վերջնական բացումը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 23-ին։ Բացման արարողությանը մասնակցել է այն ժամանակ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին։ Այդ պահից թանգարանը բաց է VIP տուրերի և դպրոցական խմբերի համար։ 

Նմանատիպ նյութեր