211652_close_icon
views-count56871 դիտում article-date 11:17 29-02-2024

Արտառոց դեպք՝ Երևանում․ հարազատ եղբայրները հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում՝ դանակով․ Արաբկիրի ոստիկանների ու Երևանի գնդի պարեկների օպերատիվ ժամանման շնորհիվ դեպքը ծանր հետևանքներ չունեցավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 28-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկում եղբայրների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այդ թվում օգտագործելով դանակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Աբրահամյանը, Ռոման Գևորգյանն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով տեսուչ Մեհրաբյանը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել նույն տան բնակիչներ 56-ամյա Ստեփան Գ․-ի և 58-ամյա Արմեն Գ․-ի միջև, որի ժամանակ միմյանց մարմնի տարբեր մասերին հասցրել են հարվածներ։

Պարեկները տեղում նաև բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնց վրա հայտնաբերվել է արնանման հետքեր, ապա ժամանած բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր