211652_close_icon
views-count30465 դիտում article-date 18:36 05-03-2024

Խոշոր չափի գողություն՝ Երևանում․ ջարդել են հայտնի «Պարմա» սուպերմարկետի ապակիները, ապա կոտրել տերմինալն ու այնտեղից գողացել 3 մլն դրամ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 5-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում Ահարոնյան փողոցում գործող «Պարմա» սուպերմարկետի դռների ապակիները ջարդված են, իսկ այնտեղ եղած տերմինալը՝ կոտրված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արայիկ Դերձյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Պարզվել է, որ ժամը 05։00-ից միչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Ահարոնյան 1/6 հասցեում գործող «Պարմա» սուպերմարկետի մուտքի դռան ապակին, այնտեղից դուրս են բերել «Թել-Սել» վճարահաշվարկային տերմինալը, կոտրել այն և գողացել այնտեղ պահվող գումարը, իսկ տերմինալը թողել են դեպքի վայրում։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված սուպերմարկետի տնօրեն 33-ամյա Արեգ Ն․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ խանութին պատճառվել է նյութական վնաս, իսկ վճարահաշվարկային տերմինալի մեջ եղել է 3 մլն դրամ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր