211652_close_icon
views-count826 դիտում article-date 09:16 06-03-2024

Վազգեն Սարգսյանն ասում էր՝ անկախությունը քննարկվող արժեք չէ. սպարապե՛տ, վստա՛հ եղիր` քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը. Սուրեն Պապիկյան

Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին։

Միջոցառման ընթացքում խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Պատանի երկրապահ ակումբի սան Գրիգոր Օհանյանը։

«Այսօր Վազգեն Սարգսյան պետական-քաղաքական-ռազմական գործիչը կդառնար 65 տարեկան։ Ինչպիսի՞ն կլիներ վերջին տասնամյակների մեր պատմության ընթացքը, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, դժվար է ասել։ Բայց մի բան հաստատ է՝ Վազգեն Սարգսյանը մեր պետականաշինության առանցքայի դերակատարներից էր, նրանցից մեկը, ով քաջություն ունեցավ ստանձնելու սեփական ժողովրդի պատմությունն ուղղորդելու, նրա ճակատագրի համար պատասխանատվություն կրելու և առջևից քայլելու պատրաստակամությունը։

«Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքը, որ փայփայում էինք գրողներս, լրագրողներս, բայց սա բախտի բան չէր՝ ես եմ ընտրել իմ ճանապարհը»։

Սրանք Վազգեն Սարգսյանի խոսքերն են։ Անշուշտ, գրիչը զենքով փոխարինելու որոշումը խորապես գիտակցված էր։ Խավարից բողոքելու փոխարեն խավարում սեփական մոմը վառելու վճռականությամբ։

Վազգեն Սարգսյան պետական գործչի ամենակարևոր հատկանիշներից մեկը․ եթե չասեմ կարևորագույնը մարդկանց համախմբելու ունակությունն էր, նրա սերը, հանդուրժողականությունը, հավատը յուրայինի հանդեպ, տարբեր խավի, տարիքի, մտավոր ունակությունների ու մտածելակերպի մարդկանց հայրենաշինության գաղափարի շուրջ համախմբելու տաղանդը, սեձական ժողովրդի հետ պարզ ու անկեղծ խոսելու կարողությունը։ Իր բառերով ասած՝ անտրամապանական ատելությունը տրամաբանված սիրո վերածելու ջանքն ու հավատը մի երկրում, որը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ, այլ համընդանուր սիրո երկիր է։ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ անկախությունը քննարկվող արժեք չէ, նրա մասին փիլիսոփայելն անգամ անմտություն է, արժե անկախ լինել թեկուզ աղքատ, սովը, աղքատությունը անցողիկ բաներ են, մնայունն անկախությունն է։ Ասում էր, որ պարզապես հավատում է Հայաստանի ապագային։ «Մենք այս պետության պատասխանատուներս չպետք է թույլ տանք, որ անկախությունը, ազատությունը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ, անկախությունը բացարձակ արժեք է», - ընդգծում էր Վազգեն Սարգսյանը։

Այսօր էլ նրա խոսքերն արդիական են և անկախության հավերժականությունը պահպանելու համար յուրաքանչյուրս անմնացորդ նվիրումով պետք է անենք մեր գործը և այդ կերպ ապացուցենք, որ սիրում ենք Հայրենիքը և պարտավոր ենք ուժեղացնել պետությունը։ Առանց հզոր և մարտունակ բանակի չի կարող լինել թե պետություն, թե անկախություն։ Ահա այս հավատի, այս պատասխանատվության ու վճռականության շաղախով դրվեց բանակաշինության հիմքը։ Այս յուրահատուկ շաղախով բանակաշինության գաղափարի շուրջ համախմբվեցին ազատագրական կռիվներով անցած ֆիդայիներն ու կադրային սպաները, գիտնականներն ու գրողները, հասարակ հայ մարդիկ», - իր խոսքում նշել է Պապիկյանը։

Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանը հզոր անհատականություն էր, ով կարող էր հրապարակավ խոստովանել իր սխալները՝ անկեղծորեն ասելով՝ սխալներ եղել են, կեղծիք՝ ոչ։

«Սպարապե՛տ, վստա՛հ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը։ Ծնունդդ շնորհավոր», -եզրափակեց պաշտպանության նախարարը։

Նմանատիպ նյութեր