211652_close_icon
views-count934 դիտում article-date 19:15 20-03-2024

Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների պարգևատրել է ԱԺ պատվո շքանշանով

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բելգիայում ՀՀ դեսպանատանը Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Գզավիյե Բելյամիին եւ Վիոլա վոն Քրամոնին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի։

Շքանշանների ստացման արարողությունից հետո Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր վոն Քրամոնը նշել է՝ իր համար անսպասելի եւ մեծ պատիվ է այս գնահատականը։

«Նույնիսկ վստահ չեմ, որ արժանի եմ սրան: Մեծ պատիվ է ինձ համար նման շքանշան ստանալը, բայց նաև պարտավորություն է: Մեր աշխատանքը, մեր ներգրավվածությունը շարունակելու համար մենք պետք է համոզվենք, որ Հայաստանին տրամադրվող աջակցությունը բարձր մակարդակի վրա է։ Սա նաեւ կարեւոր պարտավորություն է՝ շարունակել բացատրել, թե ինչու է Հայաստանի անվտանգության պահպանումը կարեւոր։ Շնորհակալ եմ գնահատականի եւ վստահության համար», – ասաց Վիոլա վոն Քրամոնը։

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ԱԺ-ի շքանշանով պարգեւատրվելն իր համար մեծ պատիվ է և վստահության նշան:

«Սա նաև վկայում է տարիներ շարունակ մեր հայ ընկերների հետ կատարած ամբողջ աշխատանքի մասին։ 2020 թվականից ի վեր մենք բարձրաձայնում ենք խորհրդարանում, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայությունը վտանգված է։ Փորձում էինք հարցի լրջությունը ներկայացնել։ Կարծում եմ, որ այս երախտագիտությանն են արժանի բոլոր նրանք, ովքեր առաջնագծում են, ովքեր վտանգեցին իրենց կյանքը հանուն մեր ընդհանուր կռվի, արդարության եւ խաղաղության»,- ասել է նա։

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ սա պարբերաբար իրականացվող միջոցառում է։

«Այս շքանշանը Մարդու իրավունքների ազատության, Հայաստանի դատն առաջ տանելու համար անմնացորդ պայքարած մեր եվրոպացի գործընկերներին հայ ժողովրդի երախտիքի դրսեւորումն է», – նշել է դեսպան Բալայանը։

Պատվո շքանշանով է պարգեւատրվելու նաեւ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

Նմանատիպ նյութեր