211652_close_icon
views-count32712 դիտում article-date 20:28 24-03-2024

Նոր Նորքի Ոստիկանության բաժին 3 անձի ներխուժման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Այս մասին հայտնում ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։

Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը թույլատրելիության սահմաններում կտեղեկացնի քննության արդյունքների մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնելէր SHAMSHYAN.com-ը, այսօր լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։

Ոստիկանության շենքի բակում պայթյուն էր տեղի ունեցել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում էին բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում էին պայթեցնել նռնակները։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան  Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։Ժամանել էին մեծ թվով կարմիր բերետներ։

 Դեպքի վայրում նշված անձաց հետ բանակցություններ էր վարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Նմանատիպ նյութեր