211652_close_icon
views-count826 դիտում article-date 19:35 09-04-2024

Աշխատանքային քննարկում՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած հանդիպմանը նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը քննարկել են «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրության գովազդային արշավի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում:

Հանդիպմանը ներկա են եղել Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

«Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի տեղափոխումը և ցուցադրումը Հայաստանում աննախադեպ իրադարձություն է, որը տեղի է ունեցել հաջողված համագործակցության արդյունքում: Կարծում եմ՝ սա լավ նախադեպ է միջազգային այլ թանգարանների հետ ևս աշխատելու և նոր ծրագրեր իրականացնելու համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման ճանապարհին շատ կարևոր է հաջողված գովազդային արշավը՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում՝ աշխատանքների ճիշտ բաշխմամբ:

Այդ համատեքստում քննարկվել են նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը, տոմսային քաղաքականության մանրամասները, ինչպես նաև բրիտանական կողմի հետ պայմանագրի կետերին առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են իրադարձությունը հնարավորինս հանրահռչակելու, հանրությանը տեսանելի դարձնելու և ցուցադրության ընթացքը հավուր պատշաճի կազմակերպելու առաջնահերթությունները:

Նմանատիպ նյութեր