211652_close_icon
views-count796 դիտում article-date 23:11 10-04-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին

Ապրիլի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Տիար Գաբուճյանը ներկայացնելով խորհրդի անդամներին, ընդգծեց, որ կազմակերպության` Հայաստանում գործունեության 20-ամյակի առիթով այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ստանալու Հայոց Հայարպետի օրհնությունը։

Այնուհետև Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց բարեգործական կազմակերպության պատասխանատուներին Հայաստանում սոցիալական և կրթական ոլորտներում իրականացվող ծրագրերի համար։

Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի, հայաստանյան թեմերի և կազմակերպության միջև հաստատված սերտ գործակցությունը նպաստում է նաև կիրակնօրյա դպրոցների արդյունավետ գործունեությանը։

Իր հերթին Հայր Մայքլ Թոմսենը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց թեմերի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբության մշտական զորակցության և օրհնության համար:

Նմանատիպ նյութեր