211652_close_icon
views-count17917 դիտում article-date 20:40 11-04-2024

Ողբերգական դեպք՝ Աշտարակում․ որպես անհետ կորած փնտրվող 37-ամյա տղամարդու մարմինը ոստիկանները հայտնաբերել են իր ավտոտնակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 68-ամյա Ն․ Գ․-ն և հայտնել, որ 37-ամյա որդին ապրիլի 9-ին ժամը 20։00-ի սահմաններում իր ավտոմեքենայով տանից դուրս է եկել և մինչև այժմ նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն թե՛ ինքը, թե՛ հարազատները չունեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները մի քանի ժամ շարունակ որոնվող տղայի հարազատների հետ փնտրողական աշխատանքներ են կատարել ու ժամը 19։00-ին Աշտարակ քաղաքում գտնվող՝ նրան պատկանող ավտոտնակի մեջ հայտնաբերել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան ու վարորդի նստատեղին՝ նստած վիճակում հայտնաբերել են նրա դին։

Ահազանգով ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և ավագ քննիչ Երոյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև ավագ փորձաքրեագետը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր