211652_close_icon
views-count955 դիտում article-date 19:08 16-04-2024

ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը

 ԵՄ արտաքին գործերի խորհուրդը  Լյուքսեմբուրգում ապրիլի 22-ին պաշտպանության նախարարների մասնակցությամբ կքննարկի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման հարցը: «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝  վկայակոչելով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոնի հայտարարությունը:

«Մենք լիովին գիտակցում ենք Ուկրաինայի կարիքները և մենք փորձում ենք բավարարել այդ կարիքները այն ամենով, ինչ կարող են մատակարարել անդամ պետությունները: Բայց, ի վերջո, անդամ պետությունները պետք է որոշեն, թե ինչ և երբ նրանք կարող են ուղարկել Ուկրաինային», -ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ անդամ պետություններն անում են ամենը, որպեսզի օգնեն Ուկրաինային պաշտպանվել: Նա նշել է, որ այդ աննախադեպ օգնությունը երրորդ տարին անընդմեջ ցուցաբերվում է: Ընդ որում, Ստանոն կոչ է արել զուգահեռներ չանցկացնել Իսրայելի վրա Իրանի հարձակման և Ուկրաինայի իրադարձությունների միջև:

ԵՄ Խորհրդի կայքում հաղորդվում է, որ ԱԳ նախարարները ապրիլի 22-ին կքննարկեն ուկրաինական իրավիճակը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ տեսակոնֆերանսի միջոցով կարծիքների ոչ պաշտոնական փոխանակումից հետո: «Հետագա քննարկումները տեղի կունենան ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ներկայությամբ՝ համատեղ նիստում», - ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր