211652_close_icon
views-count1249 դիտում article-date 15:03 17-04-2024

Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան

Գյուղացիներն ասացին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում. այսինքն Նիկոլ Փաշինյանի ասելով 90 տոկոս զիջումներ չեն լինելու, միայն մի հատված կա, որ քննարկվում է եկկողմանի փոխադարձ զիջման մասին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով այս պահին գտնվում է Ոսկեպարում, սակայն իրեն թույլ չեն տվել մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Նաեւ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եկեք դրան զուգահեռ նաեւ շրջանցիկ ճանապարհը կառուցենք՝ Ոսկեպար չհասած, դրոշի հատվածում: Գյուղացիները դրան չեն համաձայնել, ինքն էլ համաձայնել է, ասել է՝ լավ, չենք կառուցի ճանապարհը:

Եթե չեմ սխալվում, այդ հատվածում համաձայնության գալուց հետո պետք է լինեն երկկողմանի սահմանապահներ:
Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:

Պետրոսյանի խոսքով, կարելի է ասել, որ ոսկեպարցիները միանձնյա մի ամբողջ պետականության անկման գործընթացը կասեցրել են. «Եթե նրանք ոտի չկանգնեին, կանոնավոր բանակն էլ էր հետ քաշվելու, մնացածն էլ էր լինելու: Սա չի նշանակում, որ վտանգը չկա, բայց այս մարդիկ այս փուլում հաղթել են:
Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ այս հատվածներում մնում ենք կանգնած նույն դիրքերում՝ գետի երկայնքով: Միայն այն հատվածը, որ սովետական ժամանակներում եղել է ադրբեջանական, մենք փոխանակում ենք: Այսինքն ճանապարհի հատվածը կմնա մեր վերահսկողության տակ, որ հանկարծ չլինի Ադրբեջանի կազմում, մյուս հատվածն էլ համարժեք կփոխանակենք: Բայց այս համաձայնությունն 90 տոկոսով է:

Այս պահին գյուղացիների պահանջները բավարարվել են, բայց եթե նրանք զգոնությունը թուլացնեն, իշխանությունը իր ծրագրերն ավարտին է հասցնելու»,-ընդգծեց նա:

Նշենք, որ Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել: Վարչապետը հանդիպում է ունեցել նաեւ Կիրանցում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

Նմանատիպ նյութեր