211652_close_icon
views-count1090 դիտում article-date 11:39 24-04-2024

Մի՛ փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին, Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն են՝ մեկ պահանջատիրությամբ․ Արամ Ա-ն՝ Էրդողանին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցին։

«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։ Պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմագետների կողմից, որ ինչ կատարվեց 1915 թվականին իմ պապերի դեմ քո պապերի կողմից Ցեղասպանություն էր՝ ծրագրված և իրականացված պետական մակարդակով»,- ասել է Արամ Ա-ն:

Պատասխանելով Թուրքիայի նախագահի՝ Հայաստանը Սփյուռքին, Սփյուռքը Հայաստանին հակադրելու անիմաստ փորձերին, Վեհափառ Հայրապետն ասել է․

«Պարոն նախագահ, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին։ Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք մեկ ազգ ենք՝ մեկ պահանջատիրությամբ։ Հետևաբար, արթուն եղիր ժողովուրդ հայոց, Կովկասից ներս համաթուրանական նոր դաշնակցության կազմավորումով Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են իրենց օղակի մեջ խեղդել Հայաստանը։ Հայաստանի ցեղասպան դրացիները խաղաղության հաստատման համար պայմաններ դնելով՝ փաստորեն սպառնում են Հայաստանի ամբողջականությանն ու անվտանգությանը, նույնիսկ՝ գոյությանը»։

Արամ Ա-ն նաև ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Նա մասնավորապես ասել է․ 
«Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչման օր չէ, այլ մեր պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է»։
Հիշեցնենք, որ Էրդողանը երեկ հայտարարել էր, թե ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը։ Նա նաև ասել էր․

«Հուսով եմ՝ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին»։

Նմանատիպ նյութեր