211652_close_icon
views-count727 դիտում article-date 16:52 30-04-2024

«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ

«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա, ի՞նչ է եթեր տալիս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարց ուղղեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ի պատասխան Տիգրան հակոբյանն ասաց. «Այն  հանրային հեռարձակողի հեռուստածրագրերից մեկն է, ոչ լիցենզավորված։ Ժամանակին այն կոչվում էր  հոգևոր մշակութային ալիք, և  նոր օրենքը ուժի մեջ մտնելուց այդ ծրագիրը, ըստ օրենքի, պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ։ Այսինքն դա հոգևոր մշակութային չէ իր ժանրային ուղղվածությամբ»:

Նա նշեց, որ պաշտոնական նամակ են գրել Հանրային խորհրդի ղեկավարին. «Մենք խնդիր ունենք, որովհետև քանի որ այնտեղ չկա, թե ինչ է նշանակում կրթական-մշակութային, ինչ տոկոսներ պետք է լինի: Եվ կրթական բաղադրիչը, եւ  մշակութային բաղադրիչը բավականին տեղ ունեն, բայց ամենամեծ բաղադրիչը եկեղեցական, կղերական բաղադրիչն է։

Մենք գտնում են, որ դա պետք է ինչ-որ ձեւով նվազեցվի և ավելի շատ լինեն այն հաղորդումները, որոնց համար «Շողակաթը» ֆինանսավորվում է պետության կողմից։ Դրանք կրթական, գիտական, մշակութային հաղորդումներն են։ Մենք էլ ենք գտնում, որ օրենքի հետ որոշակի անհամապատասխանություններ կան»,-ասաց ՀՌՀ նախագահը:
Անդրադառնալով այդ հեռուստաընկերության ֆինանսավորման, Տիգրան Հակոբյանն ասաց. «Ես ինչքան տեղեկացված եմ, պետությունից բացի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է ֆինանսավորում: Այնտեղ համաֆինանսավորում է և տարեկան բավականին մեծ գումար նաև Մայր Աթոռն է հատկացնում «Շողակաթի» գործունեության համար։ «Շողակաթը» նաեւ այլ շենքում է գտնվում, ինչ-որ չափով ինքնավարություն ունի հանրային հեռարձակողների շարքում»:

Նմանատիպ նյութեր