211652_close_icon
views-count70274 դիտում article-date 09:26 01-05-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Վահագն Մ.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Ապագա խճուղու 15 տան մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լուսինե Ա.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքաելյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները:

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վրաերթի ենթարկվածը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ, այսօր առավոտյան գիտակցության չգալով, մահացել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր